ԲԼՈԳ

Card image cap

Թաքնված թանգարաններ


8 անսպասելի թանգարան, որոնց գոյության մասին հնարավոր է՝ լսած չլինեք, բայց որոնք հաստատ արժանի են այցելության։


Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Հասցե՝ Մուրացանի 79

Մեծահասակների համար՝ 1000 դրամ, երեխաների համար՝ 500 դրամ

Աշխատում է ամեն օր՝ 12:00-ից 19:00


Թանգարանը սկսել է գործել դեռևս հայտնի ազգագրագետ ու նկարչուհի Լուսիկ Ագուլեցու կենդանության օրոք՝ 2013 թվականից, սակայն այն ժամանակ դա նաև բնակության վայր էր։ Այդ պատճառով թանգարանը հյուրեր ընդունում էր միայն նախնական պայմանավորվածությամբ։ 2019-ից՝ Լուսիկ Ագուլեցու մահից հետո, ընտանիքը տեղափոխվեց, իսկ տունը դարձավ լիարժեք թանգարան։ 

Նախկին հյուրասենյակում այցելուներին սպասում են Լուսիկ Ագուլեցու շուրջ 40 տարվա հավաքչական աշխատանքներից շատ ցուցանմուշներ՝ սպասք, կաթսաներ, լամպեր, ձեռագիր մատյաններ, գորգեր, դաշույններ և այլ իրեր։ Իսկ յասամանի անուշաբույրը և հյուրասենյակի կահավորանքը հնարավոր են դարձնում պատկերացնել, թե ժամանակին ինչպիսի անցուդարձ է տիրել այս սենյակում։

Ննջարան մուտքն ազդարարում է 17-րդ դարի ֆրանսիական զարդատուփի մեղեդին։ Այստեղ կարելի է տեսնել հայկական գոտիների լայն հավաքածու, ազգային տարազի նմուշներով իր զգեստապահարանն ու զարդասեղանը։ Հաջորդ սրահում ձեզ կողջունեն հին ռադիոյի ձայնն ու վինիլային ձայնարկչից հնչող ազգային հին երաժշտության ելևէջները, որոնք լցնում են հին ժամացույցների, հեռախոսների և այլ գործիք-ցուցանմուշների սենյակը։ 

Վերնասրահում ձեզ կսպասեն Աշորայի, Վանատուրի, Ամանորի, Անահիտ աստվածուհու և շատերի փոխակերպված արձանիկ-տիկնիկները, որոնք կպատմեն, թե ինչ տեսք են ունեցել ջրաբեր, անձրևաբեր կամ արևաբեր աստվածությունները և այլ տարբեր կերպարներ։ Լուսիկ Ագուլեցին այս տիկնիկների ստեղծման վրա աշխատել է 2012-15 թվականներին՝ ստեղծելով տոնածիսական մշակույթի առանձնահատուկ փոխակերպումներ։



Կապի թանգարան

Հասցե՝ Ազատության պողոտայի 24/1

Մուտքն՝ անվճար (նախնական գրանցմամբ)


2012-ին նախկին «ԱրմենՏելի» հայտնի շենքում բացված թանգարանն այցելուներին տեղափոխում է հետ՝ այն օրերը, երբ զանգեր հնարավոր էր կատարել միայն հեռախոսավարուհու միջոցով, ով հեշտությամբ կարող էր լսել ձեր խոսակցությունը, երբ մի ամբողջ բազմաբնակարան շենք օգտվում էր միայն մեկ հեռախոսից, երբ հենց այդ նույն հեռախոսը չուներ անջատման կոճակ, իսկ փողոցում տեղադրված հեռախոսին հնարավոր էր խաբել՝ գցելով թելով կապած կոպեկը և խոսակցության ավարտին հետ քաշել։ Ի դեպ, թանգարաններում ներկայացված սարքավորումների մեծ մասն աշխատում է, կարելի է զանգահարել սենյակի մի հեռախոսից մյուսին՝ վերարտադրելով տասնամյակներ առաջ եղած հեռախոսային փորձառությունները։

«Շարի՛, գալիս եմ»։ Մոտավորապես այսպիսի բովանդակություն ուներ հեռավոր 1997 թվականին գրված Հայաստանում երբևէ ուղարկված առաջին էլեկտրոնային տեքստային հաղորդագրությունը։ Նամակի հեղինակն այն ժամանակվա Կապի նախարար Գրիգոր Պողպատյանն էր, ով ցանկանում էր շախմատ խաղալ իր ընկերոջ՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վահրամ Սողոմոնյանի հետ։

Նման դրվագներ և այլ հետաքրքիր երևույթներ հայոց հեռահաղորդագրական պատմության մեջ շատ են եղել և այդ ամենը պահվում է հենց այդ տիեզերական շենքում գտնվող Կապի թանգարանում։ 2012 թվականին բացված թանգարանի նմուշներն այցելուներին տանում են մեկ հարյուրամյակ հետ՝ դեպի 1913 թվական, երբ Ամիրյան փողոցում գտնվող մի հեռագրային գրասենյակի երկրորդ հարկում տեղադրվեց առաջին հեռախոսային կայանը, որը հեռախոսակապ էր տրամադրում շուրջ 200 բաժանորդի։



Հայաստանի երկաթուղային թանգարան

Հասցե՝ Երևանի երկաթուղային կայարանի շենք

Աշխատանքային օրերին սկսած ժամը 09:00-ից։ 

Մուտքն ազատ է։ 


Թանգարանը կյանքի է կոչվել 2009-ին՝ իր բովանդակության համար թերևս ամենահարմար վայրում՝ Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում։ Սկզբի համար կարելի է ուսումնասիրել բազմաթիվ պատմական լուսանկարները, որտեղ Երևանի կայարանն է՝ տարբեր տարիներին, հատուկ հանդերձանքով մեքենավարները, ժամանակին հայտնի այլ խորհրդային կայարանները և այլն։

Հետո անցնում ենք Գյումրու, Վանաձորի և հայաստանյան այլ կայարանների փայտե ֆիգուրների, զինվորական նշանակության, մարդատար և բեռնատար (ձկնափոխադրող) գնացքների կողքով։ Ցուցադրության մյուս հատվածներում ներկայիս մանկական երկաթուղու կառուցման պատմությունն է, պատերազմի և Սպիտակի երկրաշարժի հետևանքներն արտացոլող լուսանկարներն են։

Բացի փաստաթղթերից ու կադրերից կան նաև տարբեր կայարաններից ու գնացքներից բերված ցուցանակներ, գնացքների մանրակերտեր ու սարքավորումներ։ Բայց ամենահետաքրքիրը, իհարկե, հին, արդեն վաղուց կանգ առած վագոններն են, որոնք կարելի է մոտիկից տեսնել։



Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Հասցե՝ Նանսենի փողոց 4/4

Մուտքը՝ անվճար


Ֆրիտյոֆ Նանսենն իրապես հռչակավոր մարդ է։ Աշխարհում նորվեգացին հայտնի է որպես նշանավոր բևեռախույզ գիտնական, Հայաստանում՝ որպես Մեծ Եղեռնից փրկված հայ փախստականներին առաջին ձեռք մեկնողներից մեկը. 320 հազար հայեր Նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, շատերն այդ փաստաթղթերով կարողացան հայրենադարձվել Խորհրդային Հայաստան։ Այնպես որ զարմանալի չէ, որ նրա հիշատակը Հայաստանում պահպանվում է ոչ միայն Նանսենի ոսկե հուշամեդալի ու Օղակաձև այգում տեղակայված քանդակի տեսքով։ Նոր Նորքի երկրորդ զանգվածում՝ Նանսեի փողոցի Նանսենի անվան այգում, 2014-ին բացվել է Նանսենի թանգարանը։ 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող թանգարանը կառուցվել է բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների նախաձեռնությամբ, իսկ նախագծի հեղինակը ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանն է։ 

Թանգարանը փոքր է՝ ընդամենը 40 քմ, բայց կարողանում է ներկայացնել մեծ գիտնականի և մեծ հումանիստի կյանքի գլխավոր ձեռքբերումները՝ հայերեն գրքերի, ֆիլմերի, պաստառների ու այլ նյութերի միջոցով։ Դրանցից երևում է, թե որքան ներդաշնակ էր նա կարողանում զուգակցել գիտական ու մարդասիրական գործունեությունը։ Թանգարանում առանձին բաժին է հատկացված նաև հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը:

Ի դեպ, նանսենյան հուշահամալիրը բացի թանգարանից ներառում է նաև Սբ Աստվածածին եկեղեցին, երիցատուն-տաճարը՝ հարակից հանգստյան տաղավարով, և շուրջ երեք տասնյակ հուշարձան, որոնք նվիրված են անվանի հայերին ու հայ ժողովրդի բարեկամներին։ Իհարկե, դրանց թվում է նաև Ֆրիտյոֆ Նանսենի քանդակը։



Ռադիոտեխնիկայի թանգարան

Հասցե՝ Արշակունյաց 5

Մուտքն անվճար է


Թանգարանը կյանքի է կոչվել 2013 թվականին՝ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ համագործակցությամբ։ Ցուցանմուշները հավաքվել են ԴՕՍԱՖ միության Մաշտոց մարզատեխնիկական կազմակերպության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի և իր աջակիցների նվիրատվությունների շնորհիվ։ 

Հավաքածուն ներառում է բազմաթիվ զարմանալի, որոշ դեպքերում՝ մինչև հիմա աշխատող նմուշներ։ Օրինակ՝ 1956 թվականի հեռուստացույց՝ ջրով լի ոսպնյակով, նամակներ փոխանցող աղավնիների ուղին կոորդինացնող սարք Հոլանդիայից, «Հրազդան» գործարանի սպիտակ ռադիոն. այդպիսիք ժամանակին կային Երևանի բոլոր տներում՝ առավոտը հնչեցնում էր խորհրդային Հայաստանի օրհներգը, երեկոյան՝ դասական երաժշտություն էր հեռարձակում։ 

Կապի այլ հաղորդակցության միջոցները վերաբերում են արցախյան և հայրենական պատերազմներին և եթե ձեր բախտը կբերի, ապա դուք կպատկերացնեք, թե ինչպես է աշխատում իսկական ծածկագրեր պատրաստող սարքը՝ մորզեի այբուբենով։ Գիծ, կետագիծ, կետ և կրկին գիծ՝ հետախուզական ֆիլմերի պես ու լսվում է իրար հաջորդող մատների տկտկոցը և կարելի է պատկերացնել, թե ինչպիսինն է Խորհրդային Միությունում ինչ-որ մեկի աշխատասենյակում ծրարի մեջ դրված այս ժապավեններով հավաքված ծածկագիրը։



Գիտության եվ տեխնիկայի թանգարան

Ինժեներական քաղաք, Բագրևանդ

Մուտքն ազատ է


Գիտության և տեխնիկայի թանգարանի հիմնադիրները՝ Ժիրայր Սևոյանն ու Արամ Սալաթյանը, երկար տարիներ զբաղվել են հավաքչական աշխատանքով, ձեռք բերել հայկական արտադրության էլեկտրական ավտոմեքենաշինության, ստուգիչ, չափիչ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա (այլ կերպ ասած՝ այնպիսի բաներ, որ չէինք էլ պատկերացնում, որ արտադրվել են մեզ մոտ), ստեղծել մի ամբողջ հավաքածու և համալրել այդ ամենը ստեղծած և արտադրած գիտնականների և գործարանների մասին լուսանկարներով ու տեքստային նյութերով։

Այսպիսով՝ Երևանում կա թանգարան, ուր կարելի է այցելել ու ծանոթանալ խորհրդային շրջանի ինդուստրիալացման շրջանից մինչև մեր օրերի հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումներին, գյուտերին, նորարարություններին, գիտական մտքի պատմությանն ու իմանալ, թե ի՞նչ ներդրում են ունեցել հայերը համաշխարհային գիտության ասպարեզում։ Միանգամից ասեմ, որ բազմիցս առիթ եք ունենալու հաճելիորեն զարմանալու։

Հավաքածուն բաժանված է երկու հիմնական մասի, որոնք ակնարկվում են թանգարանի անվանման մեջ՝ «տեխնիկան» և «գիտությունը» ցուցադրված են մեկ սրահում։ «Տեխնիկան» հատկապես կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են ռետրո իրեր և ջերմ հիշողություններ ունեն խորհրդային արտադրության իրերի հետ կապված՝ «Արագած» սառնարաններից մինչև տեղական արտադրության էլեկտրակիթառներ ու սինթեզատորներ։



ՀՅԴ Պատմութեան թանգարան

Հասցե՝ Մհեր Մկրտչյան 12/1

Մուտքն անվճար է։ 


Թանգարանն իր դռները բացում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 16:00։

Իրականում այստեղ ցուցադրված են ոչ միայն Դաշնակցության կուսակցական գործիչների անձնական իրերը, այլ նաև այս ցուցանմուշներից շատերն ամփոփում են Առաջին հանրապետության ստեղծման պատմությունը. Դրոյի անձնական իրերը, Սողոմոն Թեհլերյանի անվանն առնչվող փաստաթղթերը, Առաջին հանրապետության թղթադրամները (հայկական ռուբլիները), Լևոն Շանթի սուրճի գավաթները և այլ օրինակներ։

Այն ամենը, ինչ կարելի է տեսնել այստեղ, հավաքվել և թանգարանի է վերածվել երեք փուլելով։ Հավաքչական աշխատանքները սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջից՝ ՀՅԴ նշանավոր գործիչ Ռոստոմի խորհրդով՝ հասնելով մինչև 2006 թվական, երբ ցուցանմուշներից շատերը Ֆրանսիայից տեղափոխվել են Երևան։ Այսօր թանգարանում շատ ցուցանմուշներ ներկայացված են ժամանակավոր ցուցադրության, քանի որ ցուցատախտակներն անընդհատ թարմացվում են, ինչպես Սողոմոն Թեհլերյանի անձնական լուսանկարներն ու իրերը, որոնք ամեն տարի թանգարանային գիշեր ծրագրի շրջանակներում հայտնվում են թանգարանային մյուս ցուցանմուշների կողքին, այնուհետև պահոցում։ 

Թանգարանի վերջին հատվածն ընդգրկում է Հայաստանի առաջին Հանրապետությանն առնչվող կարևոր դեպքերի ցուցանմուշների ցուցադրությունը։ Այս հատվածում կարելի է տեսնել ժամանակին կարևոր նշանակության փաստաթղթեր, Փետրվարյան ապստամբությանն առնչվող լուսանկարներ, տարբեր հասարակական-քաղաքական գործիչների՝ որպես Հայաստանի պատվիրակ աշխատանքային հանդերձանքները, Առաջին հանրապետության դրոշը և այլ շատ նմուշներ։ Առաջին հանրապետության պատմությունը կարճ էր, բայց վառ ու կարևոր Հայաստանի համար։ Նույն պատճառով էլ կարևոր է այս թանգարանը, որը պետք չէ դիտարկել զուտ կուսակցական տեսանկյունից։



Երեւանի բժշկության թանգարան

Հասցե, Արշակունյաց 44/1 (մուտք 4-րդ), բնակարան 43

Մուտքն անվճար է


Այցելելու համար հարկավոր է նախօրոք պայմանավորվել (հեռ. +374 93 30 92 37)։

Մի ամբողջ թանգարան է, բայց տեղավորվում է ընդամենը 65 մ. տարածքի մեջ, որն էլ իր հերթին գտնվում Արշակունյաց պողոտայում։ Երեք սենյականոց այս բնակարանում ներկայացված է հավաքորդ Հարություն Մինասյանի շուրջ 30 տարվա հավաքչության արդյունքում ձևավորված անձնական հավաքածուն։ Ավելի ստույգ՝ 30 հազար կտոր-ցուցանմուշ՝ հայ և համաշխարհային բժշկության ոլորտից։ 

Առաջին սենյակ-ցուցասրահը պայմանականորեն ստացել է «նախնադար» անվանումը։ Այս հատվածում ներկայացված են պեղածո-հնագիտական նմուշներ, բժշկական անդամահատման գործիքներ, կմախքներ, քարեդարյան գործիքներ, սպասք, գուռ, առողջարանային ջրեր ընդունելու հարմարանքներ և այլ իրեր։ Պարոն Մինասյանը հպարտությամբ ներկայացնում է 5000 տարվա վաղեմություն ունեցող գանգոսկրի ախտաբանությամբ մարդկային գանգը՝ գտնված Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից մեկի ժամանակ։ Ընդ որում, այն պեղել է ինքը՝ պարոն Մինասյանը։ Թանգարանի այս մասում կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է զարգացել բժշկության պատմությունը, երբ պարոն Մինասյանը ձեզ պատմի, թե ինչպես են հնում օգտագործվել անդամահատման գործիքները կամ իրականացվել է ներքին օրգանների հետազոտություն։

Հյուրասենյակի տարբեր անկյուններում հնարավոր է տեսնել իսկական բժշկական գրասեղաններ, կոկիկ դասավորությամբ բժշկական կանացի և տղամարդու պայուսակներ, հանդերձանք, ժամանակին հայտնի հայ և օտարազգի բժիշկների, բժշկական համալսարանի ուսանողների և այլոց լուսանկարներ, անձնական իրեր, որոնք թանգարանին նվիրաբերվել են ժառանգների կողմից կամ գնվել են հավաքորդի անձնական միջոցներով։

Դեպի պատշգամբ տանող ճանապարհին ձեզ կհանդիպեն 18-20-րդ դարերում օգտագործված անվանական ցուցատախտակներ, որոնք ազդարարում էին այս կամ այն բժշկի բնակարանի հասցեն, ինչպես նաև տարբեր ժամանակների կենցաղային իրեր՝ ինքնաեռներ, երկաթյա արդուկներ և այլն, որոնք օգտագործվել են բժշկական նպատակներով, գուցե հենց նույն բժիշկների, որոնց ցուցանակները նույնպես այստեղ են։ 



07 December 2023