ԲԼՈԳ
Գարաժային ապրումներ
Երևանում զարմանալի տրանսֆորմացիա ապրեցին երևանյան ավտոտնակները։ Այսօր ավելի ու ավելի հաճախ գարաժներում բացվում են սրճարաններ, խանութներ և այլ հանրային տարածքներ։
Ի հակառակ տարածված կարծիքի, թե այս շարժումը սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսաստանցիների մեծ տեղափոխման հետևանքով՝ գործընթացը սկիզբ է առել դեռևս 2020-ին։ Նախաձեռնողը հայ-ռուս մի զույգ էր։
«8րրի (կարդացվում է «օրոր» – խմբ.) պատմությունը կապված է կնոջս անցյալի հետ,– պատմում է Սաշան, որը սկսել էր այս նախագիծը կնոջ՝ Մարիամի հետ։– Նա ծնվել ու մեծացել է Երևանում՝ կրելով ու սիրելով քաղաքի էսթետիկան, որից անբաժանելի է գարաժային շերտի խառնաշփոթն ու ջերմությունը… Երբ Մոսկվայից Երևան տեղափոխվեցինք, սկսեցինք տարածք փնտրել միկրո-բիզնեսի համար, մի տարածք, որը մերը կլիներ, գոնե որ կարողանայինք փոփոխել ըստ մեր ցանկության։ Երեխայիս հետ օրերով թափառել եմ Երևանի բակերով։ Ի վերջո, հայտնաբերեցինք մի լքված ավտոտնակ, որի մեջ ծառ էր աճում»։
Սաշան ու Մարիամը հայտարարություն փակցրեցին՝ «Կվարձակալենք ձեր ավտոտնակը կոմերցիոն նպատակներով, խնդրում ենք՝ զանգահարեք»։ Գարաժի տերը զանգեց զուտ հետաքրքրությունից ելնելով՝ ու՞մ մտքով կարող էր անցնել վարձակալել այդ անպիտան ավտոտնակը և ի՞նչ գործի համար։ Երկար-բարակ բանակցություններից հետո զույգը ստացավ համաձայնությունն ու սկսեց լայնածավալ փոփոխությունները։ «Ինձ դուր է գալիս, որ բնակիչներն ունեն հնարավորություն փոփոխելու քաղաքն ու ստեղծել նոր տարածքներ։ Շինությունների տարատեսակ կցակառուցումները կարելի է դիտարկել որպես նյութական հայտարարություն… Ես ուզում էի օգտվել այդ ազատությունից»,– ասում է Սաշան։
8րրում վաճառվում էին դիզայներական ձեռագործ նմուշներ՝ տան համար։ Դրանք ստեղծվում էին աշխարհի տարբեր ծայրերում։ Կարևոր նրբություն. վաճառվող իրերը մեծամասամբ տան համար էին. «Մենք տեղափոխվել էինք Երևան երկու ճամպրուկով, այնպես որ տան համար իրերի խանութ բացելը խորհրդանշական քայլ էր մեր կողմից, այդպես մենք էլ մեր համար էինք փորձում նոր տուն ստեղծել…»: 8րրն աշխատեց ավտոտնակում շուրջ երկու տարի, բայց ի վերջո տարածքի տերը դուրս հանեց Սաշային ու Մարիամին։ Այժմ խանութը գործում է միայն օնլայն։ Սաշան մինչև հիմա լավ չի պատկերացնում, թե որն էր պատճառը. «Մենք որոշեցինք շատ չխորանալ, քանի որ ի վերջո գարաժն իրենն էր, իր անձնական ազատության տարածքն էր ու մենք պիտի հարգենք դա»։
Նրան հաջորդեց ևս մի քանի նախաձեռնություն, որոնք արդյունքում կազմեցին յուրատեսակ գարաժային կոոպերատիվ՝ Սարյան փողոցում ու մոտակայքում։ Դրանց թվում են «Ոչ լույս, ոչ մութ» սուրճի խանութը, «Հումմուս Կիմչի» սրճարանը, «Վոլչոկ» զգեստի խանութը և Rage Garage վինտաժի խանութը։ Առաջին երկուսի գաղափարները ծնվել են դեռ քովիդի համավարակի ժամանակ, իսկ մյուս երկուսն իսկապես ռելոկացիայի ալիքի արդյունք են։
Բավական երկար ժամանակ սուրճի ոլորտում աշխատելուց հետո Կառլենը որոշել էր սեփական խանութը բացելու մասին, բայց դա գրեթե անհնար էր սահմանափակ բյուջեի պայմաններում։ 8րրի Սաշան էր, որ հուշել էր ավտոտնակային տարածքների մասին։
Վանաձորցի Կառլենը հիշում է, որ 1988-ի երկրաշարժից հետո իր բարեկամները դեռ երկար ժամանակ ապրում էին գարաժներում՝ վախենալով նոր ցնցումներից։ Մի պահ իրենց ընտանիքի մետաղյա գարաժում միաժամանակ ապրել է 12 հոգի։ Այնպես որ՝ միտքը, որ ավտոտնակը կարող է ծառայել ոչ միայն ավտոներին, նոր չէր Կառլենի համար։
Մի քանի ամիս փնտրելուց հետո նա գտավ խաղողի ծառով գեղեցիկ գարաժ Սարյանում։ Հիշում է, որ դժվար էր տիրոջը համոզելը, քանի որ նախկինում բակում մի արգենտինական բար է եղել, որը մեծ դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում։
«Մի քանի ամիս գարաժը վերանորոգելիս ես ամեն օր շփվում էի տեղացիների հետ ու բացատրում, թե ինչպիսին է լինելու խանութը, որ մենք միայն սուրճ ենք վաճառելու, առանց ալկոհոլի ու սննդի…– հիշում է Կառլենը,– Հայաստանում ամեն բնակիչ դիտարկում է բակը որպես անձնական տարածք, տան շարունակություն, որտեղ երեխաներն են խաղում։ Այդ պատճառով է, որ անվստահություն են զգում, երբ օտար մարդիկ գալիս են բակ ու անում, ինչ ուզում են։ Բացման օրվանից ու մինչ օրս ես անձամբ հետևում եմ մեզ մոտ եկող բոլոր մարդկանց, որ հանկարծ չխանգարեն տեղի բնակիչներին»։
Կառլենը համոզված է, որ եթե գործ ես անում բակում, պետք է ենթարկվես այն մշակութային նորմերին, որոնք ընդունված են այդ տարածքում. «Իրականում, ինչքան էլ փորձես վերափոխել տարածքը, միևնույն է՝ դու մնում ես գարաժում, որը բակային սոցիալական կյանքի անբաժան մասն է»։
Hummus Kimchi-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնել են հրեական արմատներով քույր ու եղբայր, ինչպես նաև նրանց ամուսինները, որոնցից մեկը հայ է, մյուսը՝ մասամբ կորեացի։ Հիմնադիրներից մեկը՝ Սաշան, կատակում է, որ սրճարանը, որը գտնվում է Երևանում, բայց մասնագիտացած է հրեական ու կորեական խոհանոցի ուղղությամբ, իրենց չորսի խառնուրդն է։ Ամուսնու՝ Տիգրանի հետ, Սաշան երկար տարիներ ապրել է Մոսկվայի ու Երևանի միջև։ Սրճարանի գաղափարը ծագել է, երբ Սաշայի եղբայրը՝ Դիման, Իսրայելում ավարտել է խոհարարական դասընթացները։ Իսկ Երևանում ավելի արագ ու էժան կլիներ, քան Մոսկվայում։
Նրանք հատուկ գարաժ չեն փնտրել, պարզապես պետք էր մատչելի ու հարմար տարածք՝ սրճարանի համար անհրաժեշտ մինիմալ պայմաններով, ցանկալի է՝ բազմամարդ փողոցներից ոչ հեռու։ Եվ ահա, երբ նկատեցին այս գարաժը, պարզվեց, որ այնտեղ ամեն ինչ կա, նույնիսկ թոնիր։
«Զարմացել էի, մտածեցի՝ այդ ի՞նչ է եղել սրանից առաջ… Պարզվեց, որ նախկին ավտոտնակն արդեն հասցրել էր վերափոխվել բանջարեղենի խանութի, հետո փուռի, հետո նույնիսկ մի ազգայնական կուսակցության գրասենյակի։ Տարօրինակ տեղ էր։ Բայց մարդիկ կարծում էին, որ մե՛ր գաղափարն էր տարօրինակ՝ խոհանոցների խառնուրդ, գարաժ, մեծ ընդհանուր սեղան. Երևանում, ասում էին, ոչ ոք այդպես չի նստի»։
Hummus Kimchi-ն բացվեց 2022-ի սկզբին և արագ հաջողություն ունեցավ։ Շուտով հենց սրճարանի տակ բացվեց Shin բարը։ Սաշան նշում է, որ սրճարանի հաճախորդները հիմնականում ոչ հայեր են, թեև հարաբերակցությունն աստիճանաբար փոխվում է։
«Մենք չենք բացել սրճարան «ռելոկանտների» համար,– վստահեցնում է նա։– Այո՛, մենք ինքներս ներգաղթյալ ենք, բայց այնքա՜ն հաճելի է տեսնել, որ գնալով ավելի ու ավելի շատ տեղացիներ են բացահայտում մեր սրճարանը։ Մենք ուրախ ենք ընդունելու խառը մարդկանց՝ երեխաների ու ընտանի կենդանիների հետ, կարևորը բոլորն իրենց զգան ինչպես տանը»։
«Ոչ լույս, ոչ մութի» հարևան գարաժում գտնվում է 2022-ի ապրիլին բացված «Վոլչոկ» հագուստի խանութը։ Մուտքի դուռը հիշեցնում է դիմացի շենքի ճաղապատված պատուհանը. փոքր դետալ, որը խանութը դարձնում է բակի բնական բաղադրիչը։
Վասյան և իր գործընկերները Երևան են եկել 2022 թվականի մարտին՝ ռուսաստանցիների ներգաղթի առաջին ալիքով։ Ռուսաստանում մի քանի խանութ ունեցող գործարարները միանգամից սկսեցին տեղ փնտրել նաև Երևանում։
«Նախ՝ տեսանք մի նախագիծ գարաժում՝ 8րրը։ Հետո տեսանք «Ոչ լույս, ոչ մութ» խանութը։ Մտածեցի՝ սա իրական երազանք է։ Գուցե նրանից էր այդ զգացումը, որ փոքր ժամանակ շատ եմ ժամանակ անցկացրել գարաժների մեջ ու շրջակայքում… Գուցե կապված էր Էփփլի գարաժային առաջին օրերի մասին պատմություններից, չգիտեմ։ Համենայն դեպս, հենց գարաժն էր իրապես համապատասխանում մեր փողոցային հագուստի բրենդի ոգուն։ Սա հեշտ հասանելի վայր չէ, մենք մարդաշատ փողոցում չենք, ուրեմն նա, ով գալիս է այստեղ, գալիս է մեզ համար»։ Հարմար ավտոտնակ գտնելու հարցում Վասյան օգտվել էր 8րրի հիմնադիրների խորհրդից. «Մարիամն առաջարկեց հայտարարություններ տպել։ Գրեցինք երեք լեզվով՝ «կվարձակալենք գարաժ», ու փակցրեցինք տարբեր տեղերում։ Առաջին զանգողները չէին հասկանում, թե ինչներիս է պետք, կարծում էին, թե ավտոարհեստանոցի համար ենք փնտրում։ Բայց հետո մի աղջիկ զանգեց, որին շատ զվարճալի թվաց մեր գաղափարը, և նա համաձայնվեց»։
«Ես ու ընկերուհիներս գարաժում փարթիներ ենք կազմակերպում ու միշտ կատակում ենք, որ ժամանակին տղերքն էին ասում՝ «գնում ենք գարաժում լռվենք», իսկ հիմա սա լրիվ աղջկական բան է դարձել». այսպես է սկսում իր պատմությունը Արգենիկան՝ 2022-ի դեկտեմբերին բացված Rage Garage վինտաժի խանութի հիմնադիրը։
Նախքան այս խանութը, Արգենիկան երբեք չի զբաղվել վինտաժով, փոխարենը ակտիվ է եղել գիտակից օգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության գործում։ Հիշում է՝ ինչպես էր Մոսկվայից Երևան տեղափոխվելիս «ոչ ադեկտվատ հոգեբանական վիճակում» արագ հավաքում ճամպրուկները։ Իսկ հասնելիս պարզվել էր, որ հետը վերցրել էր միայն մի շալվար ու ճամփորդությունների ժամանակ գնված ժակետների հավաքածուն։ Այս ժակետները հետագայում դարձան իր վինտաժ խանութի սկզբնակետը։ Հետագայում հավաքածուն համալրվեց այլ վինտաժ խանութներից կամ միջազգային ճամփորդություններից բերված իրերով, դրանց գումարվեցին տեղացի հայ արհեստավորների պատրաստած սպասքն ու զարդերը։
Իսկ ահա գարաժը, որտեղ այս ամենը հիմա վաճառվում է, պատկանում է Արգենիկայի ընկերներին, որոնք մինչ այդ տարածքն օգտագործել են որպես խորդանոց։
«Մեղմ ասած՝ թափթփված էր,– հիշում է առաջին տպավորություններն Արգենիկան,– ոտքերիս տակ հող էր, պատերին՝ աղի հետքեր։ Բայց այ հետևի պատին բնական բազալտի մի կտոր էր. ավտոտնակները կառուցել էին բազալտի հանքի մոտ։ Դա նշան էր, քանի որ ժամանակին ես մտածում էի, որ ուզում եմ բնական քարից կանգնակ ունենալ, բայց դա չափազանց թանկ էր։ Փոխարենը՝ ստացա բազալտով մի ամբողջ պատ։ Սիրեցի այս գարաժն առաջին հայացքից»։
Արգենիկան նշում է, որ գարաժի ներքին հարդարանքը միանգամից հղում է անում տեղական պատմությանը։ Պատերի համար օգտագործվել են հին խորհրդային սալիկներ, կանգնակը տուֆից է։ Ինչպես և Hummus Kimchi-ի Սաշան, նա էլ կողմնակից է եկվորների ավելի խոր ինտեգրմանը. «Սա իմ անձնական ցավն է։ Ես չեմ ուզում, որ սա լինի միգրանտական նախագիծ։ Դրա համար մի քանի միջոցառումներ ենք արել՝ հրավիրելով միայն տեղական բիզնեսի ներկայացուցիչներին, երկրորդ հարկում էլ նախատեսում եմ տեղացի էկո-ակտիվիստների համար դասախոսություն-ների սրահ բացել,– պատմում է Արգենիկան, որը մինչև վեց տարեկան ապրել է Երևանում, հետո նոր տեղափոխվել Ռուսաստան։ – Հայրս Ռուսաստանում հիմնականում շփվում էր հայերի հետ, այնպես որ ես շատ լավ գիտեմ, որ ինտեգրման բացակայությունը լավ ազդեցություն չի թողնում»։