ԲԼՈԳ

Card image cap

Երևան այցելելու լավագույն ժամանակը մեկնարկել է...


Երևանը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, և, իհարկե, գարնանը երբ բնությունը  զարթոնք է ապրում, երբ մարդկանց սրտերն ու հոգիները լցվում են հոգեթով ջերմությամբ ու սպասումով, երբ ծաղկում են ծիրանենին ու բալենին, ակացիան ու կեռասենին՝ օդը լցնելով անուշաբույրով ու նկարելով մեր մայրաքաղաքի յուրօրինակ բնապատկերը: Պատահական չէ, որ գարնանային Երևանը դարձել է ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրը ու շատ երգեր են ձոնվել քաղաքին, ու բազմաթիվ կտավներ են ծնվել ... Եվ գարնանն է, որ ապրիլից սկսած տեղի են ունենում բազմաթիվ հիանալի միջոցառումներ ու իրադարձություններ, որոնք հետարքրքիր ու կենսախինդ են դարձնում Երևանի ընդհանուր միջավայրը: Ապրիլի 7-ին տոնվում է Մայրության ու գեղեցկության սիրված տոնը: Այն, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է և բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ձևավորված ավանդույթի համաձայն, հենց այս խորհրդանշական օրվան ընդառաջ, որպես ապրիլյոթյան ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվում են մայրաքաղաքի բոլոր շատրվանները:

Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով ու կառուցվածքով Երևանի ջրային խորհրդանիշներ դարձած շատրվանները թարմություն ու զովություն են հաղորդում արևային մայրաքաղաքին: Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունն սկիզբ է առնում 18-րդ դարից: Փաստերը վկայում են, որ մայրաքաղաքում շատրվաններ ու ջրավազաններ եղել են դեռևս 1800-ական թվականներից: Առաջին մեծ շատրվանը եղել է Երևանի բերդում: Այսօր մայրաքաղաքում շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանն այժմ էլ շարունակում է գրավել մեծ թվով զբոսաշրջիկների:       

Ապրիլ ամիսը մայրաքաղաքում հագեցած է լինելու թե՛ մշակութային և թե՛ եկեղեցական տոներով և մայրաքաղաքի հյուրերը կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխանող միջոցառումներ:                                                            

Հաջորդ հրաշալի տոնը՝ Ծաղկազարդը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 10-ին: Այս տարի ապրիլի 17-ին մեծ սպասումով Երևան այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալ մեր երկրի ամենակարևոր քրիստոնեական տոնին` Սուրբ Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` համաձայն հայկական յուրահատուկ ավանդույթների և սովորույթների: Զատիկին նախորդում է քառասնօրյա Մեծ Պահքի ժամանակաշրջանը, որը համարվում է տոնակատարության  նախապատրաստությունը: Պահքի ժամանակ օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Բուն տոնական օրը, ըստ ավանդույթի, Քրիստոսի արյունը խորհրդանշող կարմիր գույնով հավկիթներ են ներկվում: Տոնական սեղանին լինում է նաև չամիչով փլավ, Զատիկի ավանդական թխվածք, ձուկ և գինի: Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: 

Ապրելու... ապրիլ ... շատերի համար նաև այսպիսի խորհուրդ ունի ապրիլ ամիսը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ համայն հայությունն ապրիլի 24-ին այցելում է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ են գնացել թուրքական կառավարության իրագործած ոճրագործությանը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ վերածելով յուրահատուկ ուխտատեղիի:

Ապրիլ ամսին Երևանում նշվում են նաև տարբերի միջազգային տոներ և օրեր: Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, երբ բազմաթիվ ակցիաներ են իրականացվում, Ապրիլի 29-ը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982 թվականից նշվում է որպես Պարի միջազգային օր, որի շրջանակում անցկացվում են մի շարք միջոցառումներ, ֆլեշ-մոբեր, իսկ  ապրիլի 30-ը հայտնի է որպես երևանյան ամենասպասված միջոցառման օր՝ ջազի օր

...Երևանում ջազը կենսակերպ է, ահա այսպես է ընդունված  ընդգծել քաղաքի մշակութային դիմագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից 2011 թվականին ապրիլի 30-ը հռչակվել է որպես՝ Ջազի միջազգային օր  և Երևան քաղաքը առաջին իսկ տարվանից միացել է նախաձեռնությանը՝ ունենալով ակտիվ մասնակցություն: Կասկադի տարածքը այդ օրերին սովորաբար վերածվում է բացօթյա ջազային համերգասրահի, որն էլ ավելի է ջերմացնում քաղաքի մշակությաին և զբոսաշրջային գրավչությունը: 

Տուրիզմի բաժին 

06 April 2022