ԲԼՈԳ
Կանանց կրթությունը Երևանում 19-րդ դարում
Մինչև 19-րդ դարը Հարավային Կովկասում կանանց կրթությունն իրականացվում էր ոչ թե դպրոցական ծրագրով, այլ անհատական տնային կրթությամբ: Իսկ արդեն 19-րդ դարի կեսերին` ռուսական կայսրության տիրապետության շրջանում, ստեղծվեցին նաև իգական կանոնավոր դպրոցներ` մի մասը պետական, մյուսը` մասնավոր հիմունքներով։
Այս կարևոր գործում մեծ է Կովկասի փոխարքա Վորոնցովի կնոջ` իշխանուհի Ե. Կ. Վորոնցովայի ներդրումը։ Նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվում է Սբ. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերությունը, որը մասնաճյուղեր է բացում տարածաշրջանի մի շարք քաղաքներում (այդ թվում` Երևանում) և ձեռնամուխ է լինում իգական դպրոցներ բացելու գործին։ Այդ նպատակին իշխանուհին տրամադրում է 200 000 ռուբլի։ Ուսումնական առաջին հաստատությունը բացվում է Թիֆլիսում` 1846թ. մայիսի 5-ին և կոչվում Սբ. Նինայի անվան։
Երևանում օրիորդաց դպրոցը բացվում է 1850թ., հունվարի 2-ին և պսակվում Սբ. Հռիփսիմեի ամվամբ։ 1884թ. այն դառնում է իգական պրոգիմնազիա, իսկ 1898թ.` գիմնազիա: Գործում էր Նազարովի փողոցում (այժմ` Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում, որը կանգուն է նաև մեր օրերում։ Այստեղ սովորում էին հիմնականում հարուստների աղջիկները, քանզի ուսումը շատ թանկ էր, և սովորական քաղաքացիները վճարել չէին կարող։ Հետաքրքիր է, որ ընդունելության փաստաթղթերում ծննդյան վկայականից զատ կարևոր էին նաև մկրտվելու, առողջական վիճակի և ջրծաղիկ հիվանդության դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանքները։
Գիմնազիայում մի քանի կարևոր առարկաների հետ (ռուսաց լեզու, թվաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն) դասավանդել են նաև նկարչություն, երաժշտություն, պար, ձեռագործ, հիգիենա և մի քանի այլ առարկաներ, որոնք արական դպրոցներում չէին դասավանդում։ Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սանուհիները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։
Սբ. Հռիփսիմեի անվան դպրոցից հետո, որոշ ժամանակ անց` 1866թ. ապրիլի 10-ին, Երևանում բացվում է իգական երկրորդ դպրոցը, որը կոչվում է սբ. Գայանեի անվան։ Այն ծխական հոգևոր ուսումնարան էր և բացվում է դեռահասների շրջանում կրոնական բարոյականություն սերմանելու նպատակով։ 1879թ. օգոստոսի 31-ին սինոդի որոշմամբ ծխական ուսումնարանը դառնում է միջնակարգ դպրոց` 3 դասարանով։ Գործել է Պողոս-Պետրոս եկեղեցու բակում, բավականին հարմարավետ շենքում։
1906թ. ապրիլին, իբրև մասնավոր պրոգիմնազիա, Երևանում բացվում է իգական երրորդ դպրոցը, որը 1912թ. վեր է ածվում Ալեքսանդր 1-ինի անվան թիվ 2 իգական գիմնազիայի։
Բացի վերոհիշյալ պետական դպրոցներից, Երևանի նահանգում եղել է մի քանի մասնավոր իգական դպրոց: Դրանցից Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձու Երմոնիա Տեր-Սարգսյանի նախաձեռնությամբ բացված դպրոցի նպատակը հիմնականում սանուհիներին գրաճանաչ դարձնելն էր։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Անդրկովկասում և ռուսական կայսրության հայաշատ վայրերում հայ օրիորդաց դպրոցների ընդհանուր թիվը հասնում է 83-ի` 4548 սանով։
Այսպիսով` գրագետ օրիորդների թիվն այնքան էլ մեծ չէր, բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Անդրկովկասը 19-րդ դարում տնտեսական և մշակութային առումով դեռևս ցածր մակարդակում էր և հզոր էին նախապաշարմունքները, ապա աղջիկների կրթության գործում ձեռք բերվածը լուրջ առաջընթաց էր։
Սուսաննա Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող