ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1991


Վլադիմիր Լենինի հուշարձանը ապամոնտաժվել է Հայաստանի անկախությունից առաջ։ Արձանը տեղադրվել էր 1940 թվականին։


Լենինի արձանը տեղադրվեց 1940թ. նոյեմբերի 24-ին և ապամոնտաժվեց 1991 թվականին: Խորհրդային տարիներին ընդունված էր ասել, որ այս արձանը Լենինին լավագույն մարմնացումներից մեկն էր ԽՍՀՄ տարածքում, եթե ոչ լավագույնը: Արվեստի իրական գործ էր համարվում նաև արձանի պատվանդանը, որը ապամոնտաժվեց 1996 թվականին: 1991 թվականից ի վեր Լենինի արձանի մարմինը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում, իսկ գլուխը` պահեստում: Պատվանդանի մնացորդները պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:

Երևանի գլխավոր հրապարակում Լենինի արձանի ու պատվանդանի կառուցմանն իր «Լենինի հրապարակը Երևանում. հուշեր նախագծման եւ կառուցման մասին» աշխատությունում բավական մանրամասն անդրադարձել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որը 1937-51թթ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր: Նա գրում է, որ հրապարակի կառուցապատման բոլոր տարբերակներում Ալեքսանդր Թամանյանը հստակ պահպանում էր Լենինի արձանի դիրքը՝ հրապարակի և քաղաքային բուլվարի միացման վայրում, այսինքն` հարավային մասում: Թամանյանի գծագրերով 1920-ականների վերջում տեղադրվեց մոտ երկու մետր բարձրություն ունեցող օբելիսկ հետևյալ գրությամբ. «Այստեղ տեղադրվելու է Մեծ Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը»:  

Մարկ Գրիգորյանը վկայում է, որ 1938 թվականին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ հայտարարվեց, որին ներգրավվեցին ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը և Հայկական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ Ս. Ստեփանյանը: Մրցույթի անցկանցումը հանձնարարվեց Երևանի գլխավոր ճարտարապետին` Մարկ Գրիգորյանին: Մրցույթի պայմանների համաձայն, աշխատանքները պետք է ներկայացվեին Երևանի քաղխորհրդի ճարտարապետա-նախագծային բաժին 1939թ. մարտի 15-ին: Մինչ այդ Ճարտարապետների միությունում և Երևանի քաղխորհրդում սուր քննարկվում էին ընթանում. որտե՞ղ պետք է տեղադրվի արձանը: Մարկ Գրիգորյանը գրում է, որ որոշ ընկերներ, ինչպես, օրինակ, ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը, գտնում էին, որ արձանը պետք է տեղադրվի հրապարակի հյուսիսային մասում: Սակայն քաղաքաշինության պատմության օրինակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գեղարվեստական տեսանկյունից ավելի շահեկան է, եթե արձանը կանգնած է ոչ թե շենքերի, այլ երկնքի ֆոնի վրա: Ի վերջո, հանրապետության ղեկավարությունը որոշում կայացրեց արձանի մշակման և իրականացման նախագիծը հանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին և Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալյա Պարեմուզովային և Լևոն Վարդանովին: Պատվանդանի պատրաստմանը մասնակցեցին փորձառու քարտաշներ Ուկրաինայից, որոնք մինչ այդ աշխատել էին Օպերայի եւ բալետի շենքի շինարարությանը:

Առաջնորդի արձանը տեղադրվեց ահեղ նախապատերազմյան 1940 թվականին՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ: Տարին երկու անգամ՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, և Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի օրը՝ նոյեմբերի 7-ին, արձանի պատվանդանի ամբիոն էին բարձրանում հանրապետության ղեկավարները, որոնք ընդունում էին ռազմական շքերթը (մայիսմեկյան ռազմական շքերթն անցկացվում էր մինչև 1969 թվականը, իսկ այդ տարի Մոսկվայում որոշեցին, որ չարժե աշխատավորների օրը զենք շաչել) և, այսպես կոչված, աշխատավորների շքերթը:

10 տարին մեկ կենտրոնական ամբիոնի կողքերին ավելացնում էին լրացուցիչ փայտյա կցակառույց: Բանն այն է, որ Խորհրդային Հայաստանի 40- (1961թ.), 50- (1970թ.) և 60-ամյակի (1980թ.) կապակցությամբ Երևան էին ժամանում եղբայրական խորհրդային հանրապետությունների ղեկավարները: Բացի նրանցից (ավելի ճիշտ՝ նախեւառաջ) 1961 թվականին մեզ մոտ հյուրընկալվել էր Նիկիտա Խրուշչովը, 1970-ին՝ Լեոնիդ Բրեժնեւը: Օժանդակ կառույցները նախատեսված էին բոլոր 14 միութենական հանրապետությունների Կոմկուսների Կենտկոմների առաջին քարտուղարներին ամբիոնում տեղավորելու նպատակով:

Հուշարձանի համար անհանգիստ ժամանակները սկսվեցին նախորդ դարի 80-ականների վերջում-90-ականների սկզբում: 1991թ. փետրվարին, ինչպես հետագայում պարզվեց, անկախության կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներն արձանի վրա ներկ էին լցրել: Մի գիշեր էլ հետևի դռան մոտ պայթուցիկ էին դրել ու ոչնչացրել մետաղի վրա փորագրված նախշերով բացառիկ գեղեցկության դուռը: 

1991թ. ապրիլի 13-ին հուշարձանն ապամոնտաժվեց: Այն դուրս բերվեց սուլոցների ներքո, այնպիսի պաթոսով ու խանդավառությամբ, ասես տապալելով Լենինին՝ պետք է միանգամից լուծվեին երկրի բոլոր խնդիրներն: Արձանը հանելու մասին որոշում էր կայացվել մարտի 28-ին Երեւանի քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամավորներն ընդամենը երկու «դեմ» եւ չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին հանձնարարեցին «մինչև 1991թ. ապրիլի 22-ը ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»: Ձեռնպահ մնացածներից մեկը Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանն էր: Այն ժամանակ նա կոչ էր անում «ավելի ուշադիր մոտենալ այդ հարցին», «հանդուրժող լինել քարի նկատմամբ», «հուշարձանների դեմ պայքարն» անվանում էր թերարժեքության բարդույթ: Սակայն Գալստյանի դիրքորոշումն ապամոնտաժման դեմ նրան չխանգարեց նրան արձանը հանելու ժամանակ հայտարարել, որ «մենք քաղեցինք մոլախոտը»: Այդ օրվանից Լենինի արձանը դրված է Հայաստանի Ազգային պատկերասրահի բակում՝ իրանն առանձին, գլուխն առանձին: Պատվանդանը հինգ տարի դատարկ մնաց և ապամոնտաժվեց կառավարության որոշմամբ՝ 1996թ. հուլիսին:

Պատվանդանի ապամոնտաժման համար պահանջվում էր կառավարության որոշումը, քանի որ այն հանդիսանում է պատմաճարտարապետական հուշարձան: Պատվանդանը կառուցված է հղկված որձաքարից, իսկ կառավարական ամբիոնը երեսպատված է բազալտով: Կողքերի ամբիոնները պատված են քարի վրա ֆիլիգրան փորագրությամբ հայկական ազգային դրվագազարդի տեսքով, որի հեղինակները ժամանակի լավագույն հայ քարագործներն են: 

Պատվանդանի պահպանման համար պայքարն ավելի կատաղի էր, քան Լենինին այդ պատվանդանից հեռացնելու շուրջ բանավեճը: Լրագրողները, ճարտարապետները, նկարիչները, գրողները, մշակույթի հայտնի գործիչներն ու ոչ այնքան հայտնի անձինք թերթերում գրառումներ էին կատարում հօգուտ պատվանդանի՝ քննադատելով նրանց, ովքեր ձգտում էին այն հանել հրապարակից: Հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրում էր, որ ինքը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը քվեաթերթիկում կջնջի միայն այն պատճառով, որ «նրա գիտությամբ Հայաստանի տարածքում կատարվեց վանդալիզմի այնպիսի ակտ, ինչպիսին էր պատվանդանի՝ արվեստի գործի քանդումը» (Գոլոս Արմենիի, 1996, օգոստոսի 6):


Նյութի աղբյուրը՝ Mediamax

ԱՅԼ

1866


Ձիերով բազմատեղանի կառքերը, որոնք տեղափոխում էին թե՛ ուղևորներ, և՛ փոստ, սկսեցին կանոնավոր երթուղիներ կատարել Էրիվանից դեպի Թբիլիսի և Քութայիսի:

1513-1735


Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Երևանը 14 անգամ «ձեռքից ձեռք անցավ». Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը մնաց Սեֆյան Պարսկաստանի պետության կազմում: