ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1959
Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» «Սասունցի Դավիթ» պղնձաձույլ արձանի (քանդակագործ՝ Երվանդ Քոչար) բացումը։
1959 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանի կայարանամերձ հրապարակվում տեղի է ունենում մաեստրո Երվանդ Քոչարի հեղինակած «Սասունցի Դավիթ» պղնձաձույլ արձանի բացումը։
Երևանցիների կողմից այսօր սիրված և ճանաչված, մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դարձած այս արձանի պարագայում, սակայն, պետք է ասել, որ 62 տարի առաջ Դավիթը վերադարձավ այնտեղ, որտեղ մեկ անգամ արդեն եղել էր։
Երվանդ Քոչարի «Սասունցի Դավթի» գիպսե արձանը մեկ անգամ արդեն տեղադրվել էր ճիշտ նույն հրապարակում՝ 1939 թվականին՝ Հայկական էպոսի 1000-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում։ Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էին ժամանում նաև հարյուրավոր հյուրեր տարբեր երկրներից, որոնց էլ Կայարանի մոտ պետք է դիմավորեր արձանը։
1939-ին Երվանդ Քոչարը հենց հրապարակում Սասունցի Դավթի արձանը ստեղծում է 18 օրվա ընթացքում։
«Ավանգարդ» թերթի 1939 թվականի սեպտեմբերի 14-ի համարում հերթական անգամ ներկայացվում են այն միջոցառումները, որոնք ամբողջ երկրով մեկ իրականացվում են տոնակատարության շրջանակներում։ Թվարկելով դրանք՝ թերթը նշում է նաև, որ սեպտեմբերի 12-ին «Յերեվանի յերկաթուղու կայարանում կանգնեցվել ե «Սասունցի Դավիթ»-ի արձանը»։
Արձանի այդ տարբերակը կանգուն է մնում երկու տարի, և ոչնչացվում է 1941 թվականին՝ Երվանդ Քոչարի (2 տարի 4 ամիս տևած) քաղաքական ձերբակալությունից հետո։
Նորից նույն վայրում «Սասունցի Դավթի» արձանը տեղադրելու որոշումը մայրաքաղաքի իշխանությունը կայացնում է 1957 թվականին։
Ինչպես 1939-ին, այս անգամ ևս արձանը կերտում է Երվանդ Քոչարը։ Այս անգամ արդեն՝ գրեթե երկու տարի։
Արձանի բացումից երկու ամիս անց այն ժամանակ արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Իսաբեկյանը «Մեր պղնձե հեծյալը» անունով ծավալուն հոդվածում հիշատակում է նաև 1939-ին տեղադրված արձանի ճակատագիրը․ «․․․Արձանագործը երկար տարիներ համառորեն աշխատել է Էպոսի մոտիվների և հատկապես Դավիթի կերպարի վրա։ Մեր հիշողության մեջ տպավորվել են նրա հետաքրքրական, օրիգինալ նկարազարդումները, «Սասունցի Դավթի»՝ ՍՍՌՄ Գիտությունների ակադեմիայի լենինգրադյան հրատարակության համար արված բարձրաքանդակի ոճով․ մանավանդ էպոսի հազարամյակի տոնակատարության օրերին Երևանի նույն կայարանամերձ հրապարակում նրա կանգնեցրած Դավիթի արձանը, որը սակայն, կարճ ապրեց, (և ոչ միայն գիպսից քանդակված լինելու պատճառով)։
Իսկ ահա 1959 թվականի դեկտեմբերին, արձանի բացումից օրեր անց «Ոզնի» երգիծական թերթը լույս է տեսնում արձանի բացմանը նվիրված յուրահատուկ շարժով, որտեղ հեծյալի՝ Սասունցի Դավթի կերպարում ինքը՝ Երվանդ Քոչարն է։ Առավել ուշագրավ է շարժի մակագրությունը․ «Դավիթը միշտ այստեղ կմնա»։
Ըստ երևույթին, շարժի հեղինակները ակնարկում էին, որ այս արձանը նախորդի ճակատագրին չի արժանանա և այլևս չի լքի կայարանամերձ հրապարակը։