ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ


1911-1915 թթ. -1954 թ.


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ: ԱՐԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱՅԻ (ՀԱՅՀԱՄԵՐԳԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ) ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ­ՆԵՐԻ ՇԵՆՔԸ

Պետցուցիչ՝ 1.6.96.2

Ճարտարապետներ` Վասիլի Միրզոյան, Ա. Վասիլև, Վ. ՍիմոնսոնԷդուարդ Սարապյան, Մարկ Գրիգորյան

«Հայաստան» վիտրաժ՝ 1966 թ., նկարիչներ՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան

Գտնվում է Հանրապետության հրապարակի հյուսիսային եզրին՝ Աբովյան փողոց, 2 հասցեում: Կառուցվել է Երևանի նահանգի ուսումնական կարևորագույն հաստատության՝ արական դասական գիմնազիայի համար, 1911-1915 թթ.:

1920-ից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով: Այստեղ գործել են Կենտրոնական մանկավարժական թանգարանը, Երևանի մշակույթի տունը (1921 թ.), Հայաստանի պատմության պետական թանգարանը, Պետական հանրային գրադարանը, Պետհամալսարանի տեխնիկական ֆակուլտետը, Հայաստանի գրողների տունը և այլն: Գիմնազիայի հանդիսասրահը 1932 թ. դարձել է Հայֆիլհարմոնիայի  դահլիճ (1956-ից՝ փոքր դահլիճ, 1976 թ.-ից՝ Հայհամերգի փոքր դահլիճ): Այստեղ 1936 թ. հրաժեշտի համար դրվել է հայրենիք բերված Մեծն Կոմիտասի աճյունը: 2003-ից դահլիճը կրում է հայ նշանավոր երգահան Առնո Բաբաջանյանի անունը: Շենքում գործում են նաև ՀՀ ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության, հեղափոխության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանները:

Գիմնազիայի շենքը երկհարկ, П-աձև հատակագծով, ներքին բակի շուրջ կառուցված ընդարձակ շինություն է: Ուսումնական մասի սենյակները Արամի և Փ. Բուզանդի  փողոցների թևերում միաշարք համակարգով դասավորված են միջանցքների երկարությամբ: Երկու թևերի ծայրամասերում բնակելի մասն էր՝ պանսիոնը աշակերտների համար և գիմնազիայի տնօրինության բնակարանները: Աբովյան փողոց նայող գլխավոր ճակատի ձևավորման մեջ առանձնանում է ճակատի ընդհանուր հարթությունից դուրս եկող կենտրոնական մասը («Առնո Բաբաջանյան» համերգասրահով), որտեղ հոնիական մեծ սյուներով շքամուտքն է: Շենքը պսակված է ատամնաշար բարձր քիվով: Չափերն են՝ 21 x 26 մ: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆի համադրությամբ: Ճարտարապետության մեջ համատեղվել են դասական ոճի, հայկական ազգային շինարվեստի և մոդեռնի ձևերն ու մանրամասները:

    «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահի երեք մեծ պատուհանները զարդարված են «Հայաստան» վիտրաժով (1966 թ., նկարիչ՝ Մարտիրոս Սարյան, մասնակցությամբ Հենրիկ Սիրավյանի): Արարատի, հարթավայրերի ու սարերի, ծառերի, քաղաքի մոտիվները ներկայացնում են Հայաստան աշխարհի միասնական, խորհրդանշական կերպարը՝ սարյանական անզուգական վառ գույներով:    

Հանրապետության հրապարակի կառուցապատման և մշակույթի տան շինարարության հետ կապված արական գիմնազիայի շենքը վերափոխվել է: 1954 թ. Էդուարդ Սարապյանի և Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցվել է Թանգարանների շենքը: Սկզբնական տեսքով պահպանվել են գիմնազիայի ներքին տարածությունը և Աբովյան փողոց դիրքորոշված ճակատը,  կառուցվել է երրորդ հարկ: Ներքին բակում կառուցվել է Հայաստանի ազգային պատկերասրահի 7-հարկանի շենքը, որն ունի ութանիստ թմբուկի ձև (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան): Պատկերասրահի կառուցման գործին մասնակցել են ճարտարապետ Ա. Ղազարյանը, շինարարներ Վ. Ղուլյանն ու Գուրգեն Կանեցյանը: Պատկերասրահի շինարարությունն ավարտվել է 1980 թ., ավարտելով գլխավոր հրապարակի ձևավորումը:

Թանգարանների շենքի առջև՝ հրապարակի սեղանաձև մասում Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով 1953 թ. կառուցվել է շատրվաններով ջրավազանը, որը ոչ միայն ընդգծում է հրապարակի ձվաձև հատվածը, այլև փափկացնում է հրապարակի միկրոկլիման:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խ. Աբովյան փող. 2
+37410 527 988, +37498 881 717