ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՐԱՎՍԼԱՎԱՑԻ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1989
Պետ. ցուցիչ՝ 1.5.24
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Հուշարձանը
նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած հայ ժողովրդին
մարդասիրական օգնություն հասցնելու ճանապարհին զոհված հարավսլավական ինքնաթիռի անձնակազմի
հիշատակին։ 1988 թ. դեկտեմբերի 12-ի գիշերը ինքնաթիռը վայրեջքի վայրից ոչ հեռու՝ Արմավիրի
մարզի Ծաղկունք գյուղից հարավ-արևմուտք՝ Քասախի կամրջի մոտ, աղետի ենթարկվեց, զոհվեցին
ինքնաթիռի անձնակազմի բոլոր յոթ անդամները։ Երախտապարտ հայ ժողովուրդը 1989 թ. և´ վթարի
վայրում, և´ Երևանում հուշարձաններ կանգնեցրեց
ի հիշատակ այդ ողբերգության: Ծաղկունքի հուշարձանը կառուցվեց կործանված ինքնաթիռի մնացորդների
օգտագործմամբ (ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան): Այստեղ թաղվեցին նաև զոհված օդաչուները:
Երևանի
Խաղաղ Դոնի փողոցում կառուցված հուշարձանը տեղադրված է սրբատաշ գորշ բազալտից և կարմիր
գրանիտից կառուցված հարթակի վրա: Սրբատաշ պատվանդանին տեղադրված է ծառ հիշեցնող բրոնզաձույլ
քանդակը, որի կենտրոնական հատվածից վեր է սավառնում զոհվածների հոգիները խորհրդանշող
թևատարած յոթ թռչուն: Հուշապատին արձանագրված են հարավսլավացի օդաչուների անուն ազգանունները
և նրանց զոհվելու տարեթիվը՝ 12.12.88 Թ.: Հուշարձանի բարձրությունը 5.80 մ է: