ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆ


1959 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.16

Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար

Չափերը՝  6,5 × 9,3 × 2,2 մ

 

Արձանը գտնվում է Սասունցի Դավթի հրապարակի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում: Այն մարմնավորում է հայ ժողովրդի ազատատենչ ոգին և անկախության համար մղած անկոտրում պայքարը։


Սասունցի Դավիթը հայոց «Սասնա ծռեր» դյուցազնավեպի ամենասիրված հերոսներից է՝ ուժեղ և արդար կերպար, որը դարձել է ազգային ինքնության խորհրդանիշ։

Արձանի իրական չափերով առաջին (գիպսե) տարբերակը ցուցադրվել է 1939 թ. էպոսի 1000-ամյակի տոնակատարության ժամանակ: 1959 թ. կանգնեցվել է Սասունցի Դավթի պղնձակերտ արձանը, որի համար հեղինակները 1967 թ. արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի:


Արձանը տեղադրված է ջրավազանի մեջտեղում՝ բարձր ժայռաբեկոր-պատվանդանին։ Երվանդ Քոչարը հավերժացրել է այն պահը, երբ Դավիթը՝ հեծած իր ձիուն՝ Քուռկիկ Ջալալիին, պատրաստվում է Թուր Կեծակիով հարվածել թշնամուն։ Ձիու սմբակների տակ շուռ եկած թասից ջուր է հոսում դեպի ջրավազան՝ խորհրդանշելով ժողովրդի համբերության լցված բաժակը։ Արձանի դեմքը Երվանդ Քոչարը կերտել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մարմնավորած Սասունցի Դավթի կերպարից։

Սասունցի Դավթի արձանը մայրաքաղաքի խորհրդանիշերից է և երևանցիների սիրված արձաններից մեկը: Դասվում է խորհրդային շրջանի լավագույն ձիարձանների շարքին:


Սասունցի Դավթի հրապարակ