ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆ ԵՎ ԿԱՐԱՐԱ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ


1964


Պետ․ ցուցիչ՝ 16107
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան

1963 թ․ Երևանն ու Կարարան քույր քաղաքներ դառնալու առթիվ Կարարայի քաղաքա­պետ Ֆիլիպո Մարտինելին Երևանին է նվիրում Քրիստոսի արձանի ձեռքերի կրկնօրինակը (քանդակագործ՝ Խիլմա Մադերա), որը քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձևափոխվում է՝ Քրիստոսի ձեռքերից վերածվելով Բարեկամության ձեռքերի, և տեղադրվում Օղակաձև զբոսայգում։ Ի նշան երախտագիտության՝ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր ու երևանցիների անունից 1965 թվականին Կարարա քաղաքին է նվիրում տուֆակերտ «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը (տեղադրվել է 1967 թ.): Հուշակոթողի ետին մասում գրված է. «Ի նշանավորումն եղբայրության Երեւան Կարրարա 1967 In segno di fraternita Erevan Carrara»: Որոշ ձևափոխումներով հուշարձանի համանուն օրինակը 1965 թ. տեղադրվում է Օղակաձև զբոսայգու Իսահակյան, Մոսկովյան և Տերյան փողոցիների միջև ընկած հատվածում:

Երկու  աղբյուր-հուշարձանների հեղինակներն են մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և անվանի քանդակագործ Արա Հարությունյանը:

Հայկական խաչքար հիշեցնող, 310 մ բարձրությամբ հուշաղբյուրը կերտված է երևանյան տուֆից: Կենտրոնական կոթողը հարդարված է Իսրայելյանին հատուկ խաղողի մոտիվով. մեջտեղով դեպի վեր ձգված երկու ճյուղերից յուրաքանչյուրի կորության տակ ողկույզ է քանդակված: Ամբողջական հորինվածքը խորհրդանշում է կենաց-ծառը: Վերևում տեղադրված են երկու խոշոր, միաչափ, տարբեր զարդանախշերով վարդակներ: Աջ վարդակի տակ թռչնանման փերի է քանդակված:

Հուշաղբյուրի երկու կողմում տեղադրված, պարուրաձև եղջյուրներով խոյերի քանդակ­նե­րը հիշեցնում են Ջուղայի ավանդական խոյերի քանդակները։ Խոյերը քանդակազարդ են (բուսազարդեր, հեծյալ, ծաղկաքանդակ) և պահպանում են Կենաց ծառը: Ընդհանուր սիմետրիկ հորինվածքում կոմպոզիցիոն ասիմետրիկ ակտիվություն է մտցնում առասպելական թռչնի քնադակը: