ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ


1973 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.117

Ճարտարապետ՝ Սպարտակ Կնտեղցյան

Քանդակագործ՝ Հովհաննես Բեջանյան

Հուշարձանը նվիրված է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովին (1795-1829), ով Արևելքի, մասնավորապես, Հայոց պատմության խոր գիտակ էր: Մասնակցել է Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրի (1828 թ. փետրվարի 10) ստորագրմանը, որով Ռուսաստանի կայսրությունը վերջնականապես գրավեց Այսրկովկասը: Երևանում 1827 թ. հոկտեմբերին, հեղինակի ներկայությամբ, առաջին անգամ բեմադրվել է «Խելքից պատուհաս» կատակերգությունը: Լինելով դեսպան Պարսկաստանում՝ Գրիբոյեդովը պաշտպանել է տեղի հայերի իրավունքները, օգնել է հայության մի ստվար զանգվածին, ովքեր 1605 թ. Շահ Աբաս Ա-ի կողմից բռնագաղթվածների սերունդներն էին, վերաբնակվել Արևելյան Հայաստանում: Սպանվել է Թեհրանում պարսիկ մոլեռանդների ձեռքով:

Մեծանուն գրողի արձանը գտնվում է Օղակաձև զբոսայգու սկզբնամասում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի դիմաց:

Աստիճանաձև հարթակին 6,2 մ բարձրությամբ բազալտե պատվանդանին կանգնեցված է 4,1 մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանը: Քանդակը դինամիկ է, ունի կերպարային նմանություն, ամբողջացնում է ժամանակի խնդիրներով ապրող ռուս մտավորականի կերպարը: Գրիբոյեդովը ներկայացված է XIX դ. բնորոշ հագուստով, ակնոցն աչքերին, գիրքը ձեռքին: Պատվանդանին փորագրված է.

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ:

Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը Երևանի կենտրոնը ձևավորող արձաններից է, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության վկայություն:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տիգրան Մեծի պող.