ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Գրականության և արվեստի թանգարանը նոր շրջանի հայ մշակույթի պահպանման և ուսումնասիրման ամենամեծ շտեմարանն է աշխարհում։
Գրականության
և արվեստի թանգարանում են պահվում 19-20-րդ դարերի հայ գրականության, երաժշտության,
թատրոնի և կինոյի գործիչների անհատական արխիվները, մշակութային տարբեր կազմակերպությունների
հավաքածուները, որոնք մեծածավալ տեղեկատվություն են պարունակում հայ մշակույթի հիշյալ
ոլորտների մասին։ Թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում լույս տեսած հազարավոր ուսումնասիրություններում
և հոդվածներում օգտագործված են Գրականության և արվեստի թանգարանում պահվող վավերագրերն
ու փաստաթղթերը։
Թանգարանի
պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սկզբնավորվել է իբրև Հայաստանի Լուսավորության
ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի
պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922 թվականից՝ բանասեր, պատմաբան Երվանդ
Շահազիզի (1856-1951) ղեկավարությամբ, որը Նոր Նախիջեւանից Երևան էր բերել և թանգարանին
հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի
արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր
և այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, թանգարանին
էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը:
1953
թվականի մայիսից գործել է Մշակույթի նախարարության ենթակայության տակ` որպես Հայաստանի
Պետական պատմական թանգարանի առանձին բաժին:
1954
թվականի հոկտեմբերին Գրական և Թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական
կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության և արվեստի թանգարանը՝ մինչև
1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետև՝ Մշակույթի նախարարության ենթակայության
ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գրականության և արվեստի թանգարանում պահվում են շուրջ 2 000 000 միավորներ։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում նաև կերպարվեստի և կիրառական արվեստի գործերը։ Թանգարանում պահվում են նաև համաշխարհային նշանակության վավերագրեր, ինպես օրինակ Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը, Ռոմանովների գրագրությունները և այլն։
Գրականության և արվեստի թանգարանն ունի վեց
մասնաճյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, Ակսել Բակունցի տուն-թանգարանը
Գորիսում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը և Գրիգոր Ղափանցյանի թանգարանը Աշտարակում,
Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիճյանի տուն-թանգարանները Երևանում։ Թանգարանի հավաքածուի
մաս է կազմում նաև իրանահայ նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն։
Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրվել է 1921թվականին։