ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության միջոցով նպաստել ցեղասպանության դեմ միջազգային հանրության պայքարին:
Պետ. ցուցիչ՝ 1.6.106.11
Ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան
Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան
1995 թ.
ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, բացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Թանգարանի
ճարտարապետական հորինվածքն աչքի է ընկնում ծավալատարածական ինքնատիպ լուծմամբ: Թանգարանն իր հյուսիսային պատով միաձուլվում
է բարձունքի ուրվանկարին: Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Հայոց ցեղասպանության
հուշարձանի հարթակին: Երկհարկանի, շրջանաձև հատակագծով շենքի մուտքային մոտեցումը վայրընթաց
աստիճաններով է: Մուտքի վերնամասում, բազալտե սալին փորագրված է. 1915, ՌՋԺԵ:
Ներքին
բակ տանող մուտքի դիմաց տեղադրված է հորիզոնական դիրքով, տապանի տեսքով և կամարակապ
վերնամասով խաչքար (քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), որի վերին ձախակողմյան հատվածում
փորագրված է.
ԱՌԱՎՈՏ
ԼՈՒՍՈՅ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԱՌ ԻՍ ԼՈՒՅՍ ԾԱԳԵԱ:
Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, 2011-2015 թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի
տարածքում տեղի են ունեցել հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի
ճեմուղին և հարակից տարածքը, հիմնանորոգվել է թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը,
կառուցվել է վարչական մասը՝ գրադարանը, գիտաժողովների սրահը, պահոցները և այլն:
2015 թ.
վերաբացվել է թանգարանի ցուցադրական տարածքը, որը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝
կազմելով 2400 քառակուսի մետր:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհվել են Օսմանյան
Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ամբողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած
ցեղասպանության ժամանակ: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը
դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը: Գտնվելով բարձունքում և առանձնանալով
ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ
է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են ցեղասպանությունը վերապրած
ազգի ոգին: Հուշահամալիրի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:
Հուշահամալիրը
զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության
տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:
1988-1990
թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ
Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության
կազմակերպած կոտորածներում զոհված հայերի: 1990-1992 թթ. Հուշապատի դիմացի հատվածում
հուղարկավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված հինգ ազատամարտիկներ։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հետազոտում, պահպանում և ցուցադրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, գրականություն և այլն: Հայաստանում առաջին անգամ թանգարանում կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա:
Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված վավերագրական նյութերը, մասունքները վեր են հանում XX դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մանրամասները և արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝
- 10:00-17:00 (մարտ-դեկտեմբեր)
- 11:00-16:30 (դեկտեմբեր-մարտ)
Ապրիլի 24-ին թանգարանի աշխատանքային ժամերը երկարաձգվում են:
ՄՈՒՏՔ
Մուտքն անվճար է:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն՝
- 1-10 հոգանոց խումբ - 5000 դրամ
- 10-20 հոգանոց խումբ - 7000 դրամ
Օտար լեզուներ՝
- 1-10 հոգանոց խումբ - 7000 դրամ
- 10-20 հոգանոց խումբ - 10000 դրամ
Աուդոգիդ - 2500 դրամ
Բացատրությամբ
շրջայց հարկավոր է ամրագրել նախապես` զանգահարելով +374 10390981 կամ +37477391412
հեռախոսահամարով: