ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ընդունվել է 2007 թվականի վերջին՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կենտրոնական բանկերի լավագույն փորձը և մեր երկրի առանձնահատկությունները: Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Ցուցադրությանը ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների և ֆինանսական կայունությունը, ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:
Կենտրոնի հիմնական թիրախը դպրոցականներն ու ուսանողներն են, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական 2-3 անգամ, մինչև 35 հոգանոց խմբերով:
Կենտրոնն ունի հետևյալ կառուցվածքը.
Հայաստանի դրամաշրջանառության պատմություն
Հայաստանի Հանրապետության արժույթ
Դրամանիշների / թղթադրամների ստեղծման գործընթաց
Դրամի պաշտպանական հատկանիշներ
Դրամանենգությունը հանցանք է
Վճարահաշվարկային համակարգեր և վճարային քարտեր
Դրամավարկային քաղաքականություն
Միջազգային պահուստների կառավարում
Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Բաց գրադարան
Խաղասրահ
Կինոսրահ
Վաճառասրահ
Կենտրոնի տարածքը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթիից - ուրբաթ 09:30 - 17:30
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:
ՄՈՒՏՔ
Այցերն անվճար են:
Այցելություն կարող եք ամրագրել օնլայն՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://visitorcentre.cba.am/hy: