ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Գրատպության թանգարան


Թանգարանը ներկայացնում է հայ գրատպության 500-ամյա պատմությունը:


2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։ Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ: 

«Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Ոսկանյան Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.): «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «Գրահրատարակչություն» սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։ «Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ 

2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի (Association of European Printing Museums) անդամ։    

Հայաստանի ազգային գրադարանի և Google մշակութային ինստիտուտի համագործակցության արդյունքում 2021 թվականից հասանելի է Գրատպության թանգարանի հավաքածուի օնլայն ցուցադրությունը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի – կիրակի 10:00 - 16:00            
Հանգստյան օր` երկուշաբթի

ՄՈՒՏՔ


Դպրոցականներ և ուսանողներ՝ 400 դրամ

Մեծահասակներ՝ 700 դրամ 

Մինչև 12 տարեկան երեխաներ՝ անվճար

Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է բոլորի համար:        



Տերյան փողոց 72
+37460 623 513