ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Card image cap

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ «ԿԱՆԱԶ»


1958 թ


Պետ. ցուցիչ՝ 1.3.18

Ճարտարապետներ` Սոս Մանուկյան, Վիլեն Տոնիկյան

Քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան

Պատվիրատու՝ «Կանազ» գործարան

Շինարարական կազմակերպություն՝ ՀԽՍՀ շինարարության մինիստրության

N 9 տրեստ

Գտնվում է Ազատության պողոտա, 19 հասցեում, շրջապատված է հասարակական և վարչական շինություններով:

Կառուցվել է 1958 թ. ճարտարապետներ Սոս Մանուկյանի և Վիլեն Տոնիկյանի նախագծով:  Եղել է Քանաքեռի ալյումինի գործարանի (Канакерский алюминиевый завод – КАНАЗ, ԿԱՆԱԶ) մշակութային օջախը (ակումբ):

Քառահարկ է, ունի ուղղանկյանը մոտ հատակագիծ: Գլխավոր առանցքով տեղադրված են նախասրահը` անկյուններում սանդուղք­նե­րով և բեմահարթակով ու օթյակներով 600-տեղանոց դահլիճը: Դահլիճից ձախ կամարակապ, ամառային բաց ճեմասրահն է: Դահլիճից աջ՝ չորրորդ հարկում, ակումբա­յին սենյակներն են:

Շենքի գլխավոր ճակատը լուծված է սյուներով և խոյակներով դեկորատիվ կամարաշարի ձևով: Կամարաշարի երկու կողմերում տեղադրված են բանվորի և կոլտնտեսուհու քանդակները (քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան): Ճակատն ավարտվում է ճակտոնով, որն ունի ատամնաշար քիվ:

Շինանյութը Արմավիրի տուֆն է, արտաքուստ և ներքուստ ունի վարդագույն, բաց նարնջագույն, շագանակագույն և մուգ կարմիր գունային համադրություններ:

Շենքը կառուցված է ազգային ճարտարապետության տարրերի օգտագործմամբ:

Հետխորհրդային տարիներին «Կանազ» ալյումինի գործարանի վաճառքից հետո մնացել է անտերունչ, օգտագործվել է որպես կարի, աղյուսի արտադրամաս, տաքսի ծառայություն, ավտոդողերի շինմոնտաժի վայր: Շինության անմխիթար վիճակի պատճառով տարածքն օգտագործվել է մասնակիորեն: Քանիցս վաճառվել է: 2007 թ. շենքը ձեռք է բերել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Հետագայում «Կանազ» մշակույթի տունը վերանվանվել է «Արտ Կանազ» մշակույթի տուն:

2017-ից մշակույթի տունը Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով անհատույց հանձնվել է «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամին (տնօրեն՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան)՝ մանկական մշակութային կենտրոն (դպրոց և թատրոն) հիմնելու նպատակով:

2019 թ. սկսվել են վերականգնման աշխատանքներ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ազատության պող. 19