ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1913
Հայ անվանի, գրող, լուսավորական, հայ նոր գրականության
և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը տեղադրված է Քանաքեռի 2-րդ փողոցում գտնվող նույնանուն տուն-թանգարանի բակում, գրանիտե բարձր, սրբատաշ
պատվանդանի վրա:
Գրողը ներկայացված է կանգնած դիրքով, աջ ոտքը մի փոքր առաջ դրած, ձեռքերը կրծքին խաչած:
Աջ ձեռքում «Վերք Հայաստանի» գիրքն է՝ հայ նոր գրականության հիմնաքարը: Հագին թեթև,
բարձր օձիքով, ծնկներից ներքև իջնող վերարկու է: Գլխաբաց, մեղմ, մտածկոտ հայացքով Աբովյանը
նայում է դեպի հեռուները:
Պատվանդանը անզարդ է, վերնամասում արձանագրված
է.
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
1804 - ԱՆՀԱՅՏԱՑԱԾ 1848:
Արձանի բարձրությունը՝ 2.2 մ է, դիտելի է բոլոր կողմերից:
Դեմքը մեկնաբանված է դորպատաբնակ ճանաչված նկարիչ Ֆրիդրիխ Լյուդվիգ ֆոն Մայդելի հեղինակած
դիմանկարի համաձայն:
Խաչատուր Աբովյանի արձանի ստեղծման միտքը առաջադեմ
հայ հասարակայնությունը հղացել է 1908 թ., գրողի անհետանալու 60-րդ տարելիցի կապակցությամբ:
Հայ անվանի գործիչները պնդում էին, որ մեծ լուսավորչի արձանը պետք է կանգնեցնել ոչ
թե եկեղեցում կամ գերեզմանոցում (ինչպես ընդունված էր մինչ այդ), այլ՝ հենց Երևանի
սրտում:
Արձանի ստեղծման ընթացքը շատ խոչընդոտների է
հանդիպել: Ցարական կառավարությունը թույլ չէր տալիս կայսրության փոքր ազգերին, և հատկապես՝
հայերին իրենց անվանի գործիչների հուշարձանները կանգնեցնել քաղաքային հրապարակներում
և աչքի ընկնող այլ վայրերում, քանի որ դա կարող էր խրախուսել նրանց ազգային-ազատագրական
հույսերը: Բայց հայ հասարակական կարծիքի ճնշման տակ Կովկասի փոխարքայությունը մեծ դժվարությամբ
թույլ տվեց արձանի կառուցումը Երևանում՝ հուսալով, որ ֆինանսական մեծ ծախսերի պատճառով
նախաձեռնությունը չի իրականանա:
Կազմակերպչական աշխատանքներն ստանձնեց Բաքվի
«Հայոց մշակութային միությունը»՝ գործի մեջ ներգրավելով հասարակայնության լայն խավերին:
Գրողներ Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը և
այլք իրենց հոդվածներում բոլորին կոչ էին անում հանգանակություններ կատարելու միջոցով
մասնակցել այդ համաժողովրդական ձեռնարկին: Շիրվանզադեի առաջարկով «Հայոց մշակութային
միությունը» 1908 թ. սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց հայտարարել մրցանակաբաշխություն
և կատարել հանգանակություն: Այդ մասին հրապարակվեց հայկական և ռուսական թերթերում,
որպեսզի հասարակական լայն խավերը և մասնակցել ցանկացող քանդակագործները Այսրկովկասում
և դրսում տեղեկացված լինեին ձեռնարկի մասին:
Արձանի
ստեղծումը դրամական մեծ միջոցներ էր պահանջում (նախնական հաշվումներով՝ 12 000 ռուբլի,
ապա՝ առնվազն 18 000 ռուբլի), սակայն գործն ընթանում էր դանդաղ, և երկու տարում հանգանակվում
է չնչին գումար (2000 ռուբլի): Համաժողովրդական այս կարևոր նախաձեռնությունն արագացնելու
համար 1910 թ. առաջադեմ գործիչներից շատերը (Թումանյան, Շիրվանզադե և այլք) կրկին հանդես
են գալիս հոդվածներով: Մասնավորապես, Թումանյանը «Հորիզոն» թերթի 1910 թ. 266-րդ համարում
հրապարակում է իր «Ամենքը միասին» նշանավոր հոդվածը, որտեղ գրում է. «Դա մի տաղանդավոր
գրողի արձան չէ, դա մի անհատի արձան չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ
կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում՝ սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն,
թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ և ցավ: Պետք է կանգնի հավիտյան, անլռելի
պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը»: Թումանյանը հորդորում է բոլորին մասնակցել
այս գործին, քանի որ իր արժանի զավակի արձանը պետք է կանգնեցնի ամբողջ ժողովուրդը:
Հանգանակությունն արագացնելու համար
1910-1912 թթ. կազմակերպվում են գրական-գեղարվեստական երեկոներ, համերգներ, ներկայացումներ
Անդրկովկասի տարբեր քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում: Աբովյանի և նրա
հուշարձանի մասին հետաքրքրությունն այնքան է մեծանում, որ նրանց մասին հրապարակվում
են գրքեր, հոդվածներ, ստեղծվում են երաժշտական ու նկարչական ստեղծագործություններ:
Բաքվի «Հայոց մշակութային միությունը» նամակներով դիմում է ժամանակի հայտնի 6 հայ քանդակագործերին,
այդ թվում նաև՝ փարիզաբնակ Անդրեաս Տեր-Մարուքյանին ու Հակոբ Գյուրջյանին (վերջինս
նոր էր ավարտել Փարիզի Գեղարվեստների ակադեմիան)՝ առաջարկելով նրանց ևս մասնակցել մրցանակաբաշխությանը
(երկուսն էլ 1910 թ. «Հայոց մշակութային միությանն» են ներկայացնում 2-ական նախագիծ):
Երկար քննարկումներից հետո հավանության է արժանանում
քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի նախագիծը: Քանդակագործն արձանի և նրա քանդակազարդ
պատվանդանի վրա Փարիզում աշխատում է 1910-1913 թթ.: 1913 թ., աշխատանքն ավարտելուց
հետո, դրանք ձուլում է բրոնզից:
1911 և 1913 թթ. Տեր-Մարուքյանը գալիս է Երևան՝
գրողի մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու, արձանի տեղը որոշելու համար: Քաղաքային
խորհուրդ ճարտարապետի հետ տեղազննություն անցկացնելուց հետո հստակեցվում է հուշարձանի
տեղը՝ այն պետք է կանգնեցվեր քաղաքային հրապարակում՝ բուլվարի և հետագայում Վ. Լենինի
արձանի միջև ընկած տարածքում:
5-ամյա հանգանակության դանդաղ ընթացքի և անհրաժեշտ
գումարը չհայթայթելու պատճառով արձանն ու պատվանդանը մնում են Փարիզի ձուլարանում.
գումարը չստացած գործարանատերը չի տալիս դրանք: Ավելին, 4 տարի սպասելուց հետո,
1917 թ. գործարանատերը որոշում է ձուլել և բրոնզն ավելի թանկ գնով վաճառել, մանավանդ
որ Առաջին աշխարհամարտի օրերին մետաղի մեծ պահանջարկ կար: Եվ միայն հեղինակի թախանձագին
խնդրանքներից ու համառ ջանքերից հետո է այն պահպանվում: Սակայն մինչև իր մահը (մարտ,
1919) անվանի արձանագործը չի տեսնում կերտած արձանի տեղադրումը Երևանում և չի ստանում
նախատեսված գումարը:
1920-ական թթ. սկզբին ՀԽՍՀ նորաստեղծ կառավարությունը
Փարիզ է փոխանցում անհրաժեշտ գումարը և գնում է Աբովյանի արձանն ու պատվանդանը, ինչպես
նաև՝ Տեր-Մարուքյանի մի շարք այլ գործեր (Ղևոնդ Ալիշանի կիսանդրին և բարձրաքանդակներ),
որոնք 1925 թ. փետրվարի 27-ին Փարիզից ուղարկվում են Երևան: Սակայն բեռը տեղ չի հասնում:
Դեպքերի ականատես և մասնակից փարիզաբնակ Աշոտ Պատմագրյանը դիմում է աշխատանքի բերումով
Երևանից Թիֆլիս տեղափոխված Անդրկովկասյան ֆեդերացիայի ժողովրդական կոմիսարների խորհրդի
տեղակալ Սարգիս Լուկաշինին (Սրապիոնյան)՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել արձանը գտնելու
և Երևան ուղարկելու համար: Պարզվում է, որ Բաթումի մաքսատան աշխատակիցները բացել են
արկղը և կարծելով, թե դա Վրաստանին նվիրատված եվրոպական անհայտ հեղափոխականի արձան
է, այն տեղադրել են քաղաքի գլխավոր հրապարակում: Լուկաշինը հանձնարարում է արձանը շտապ
տեղափոխել Հայաստան, սակայն անհայտ պատճառներով այն Երևան է հասնում միայն 1933 թ.:
1933 թ. հուլիսի 6-ին Խ. Աբովյանի արձանը վերջապես
կանգնեցվում է Երևանում, բայց ոչ թե նախանշված տեղում, այլ՝ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա»
կինոթատրոնի մերձակա փոքր հրապարակում (այժմ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ), նորակերտ,
քառանիստ, բարձր ու անզարդ պատվանդանի վրա (Տեր-Մարուքյանի կերտած պատվանդանի տեղը
մինչ օրս անհայտ է): 1950 թ. Աբովյան փողոցի վերակառուցման պատրվակով արձանը տեղափոխում
են Կրկեսի մոտակայք, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ մի անշուք վայր: 1953 թ. տեղադրում
են Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մարդկանց աչքից հեռու, իսկ 1957-ին՝ Հրազդանի ձորում՝
Մանկական զբոսայգու մոտ:
Երկրեերկիր, տեղից տեղ դեգերելուց հետո անվանի
քանդակագործի ստեղծագործությունը 1964 թ. սեպտեմբերի 10-ին՝ Հայաստանում էստոնական
գրականությանն ու արվեստին նվիրված միջոցառումների նախօրյակին, իր վերջին հանգրվանն
է գտնում Քանաքեռում՝ մեծ գրողի տուն-թանգարանի բակում, ուր կանգնած է մինչ օրս:
1980-ական թթ. վերջին անհայտ անձինք պղծել են
արձանը, կրակելով նրա գլխին և ուսերին:
Խ. Աբովյանի արձանը հայ մեծ լուսավորչի հիշատակին կերտված ամենավաղ և ամենահաջող քանդակներից է: Այն նաև Ա. Տեր-Մարուքյանի սակավաթիվ պահպանված գործերից է, նրա ստեղծագործության
գլուխգործոցը, մոնումենտալ-արձանային քանդակագործության առաջին դասական օրինակը հայ իրականության
մեջ: Նրանով սկիզբ դրվեց հայ հուշարձանային քանդակագործությանը: