ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
1964 թ.
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Պետ. ցուցիչ՝ 1.12.15.3
Հայ և էստոն ժողովուրդների բարեկամության հուշաղբյուրը գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոց, 4 հասցեում: Տեղադրված է հայ մեծ լուսավորիչ, գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տարածքի ամենաբարձր կետում, այնտեղ, որտեղից բացվում է Արարատ լեռան տեսարանը: Բացվել է 1964 թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանում էստոնական գրականությանն ու արվեստին նվիրված միջոցառումների ժամանակ:
Լայն աստիճանները տանում են դեպի հուշարձանը, որը կազմված է իրարից 3.5 մ հեռավորության վրա գտնվող սեղանաձև տուֆե երկու բարձր կոթողներից: Ձախ կոթողի վրա՝ Բալթիկ ծովի ֆոնին, էստոնուհու պատկերն է: Նրա գլխավերևում ճախրում է ծիծեռնակը` Հայաստանի լրաբերը: Աջ կոթողի վրա հայուհու քանդակն է` թասը և խաղողի ողկույզը ձեռքին: Կոթողների կողային մակերեսները հարդարված են ազգային զարդաքանդակներով. ձախակողմյանը` էստոնականով, աջակողմյանը՝ հայկականով (խաղողի ողկույզներ, նռնաքանդակներ), և Բալթիկ ծովից եկած ճայի պատկերով: Քանդակներում հաջողությամբ վերարտադրվել են երկու ժողովուրդների ազգային առանձնահատկությունները: Կոթողների վերնամասերում էստոներենով և հայերենով փորագրված է. «ԱՅՍ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՍ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՆՄԱՆ ԹՈՂ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԷՍՏՈՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂՆ ԷՐ ԱՆՄԱՀ ԱԲՈՎՅԱՆԸ»:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան