ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԵՌՈՒՍՏԱԿԵՆՏՐՈՆ


1957-1963


Պետ. ցուցիչ՝ 1.9.3

Ճարտարապետ՝ Օնիկ Դոխիկյան

Կոնստրուկտոր՝ Ստասյուկ


Գտնվում է հին Նորքի բարձունքում: Հեռուստակենտրոնի նախագիծը մշակվել և իրականացվել է 1957-1963 թթ.՝ ՀԽՍՀ Կապի նախարարության և ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների ու հեռուստատեսության պետական կոմիտեի պատվերով։ Նախագծի տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական հատվածները մշակվել են Մոսկվայում։ Շինարարությունն իրականացրել է ՀԽՍՀ Շինարարության նախարարության N 3 տրեստը: Առաջին կառույցներն են եղել տեխնիկական կայանի շենքը, ստուդիայի գլխավոր մասնաշենքը: 1970-ական թթ. կինոարտադրության բուռն զարգացման հետ կապված՝ կառուցվել են կինոարտադրության շենքը և դրամատիկական ստուդիան: Այդ ժամանակ տեղադրվել է 200 մ բարձրությամբ հեռուստաաշտարակը, որը 1980-ական թթ փոխարինվել է 350 մ բարձրությամբ նոր աշտարակով:

Գլխավոր մասնաշենքն ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի կենտրոնում հեռուս­տակենտրոնի՝ 12 մ բարձրությամբ և 600 մ2 տարածք զբաղեցնող ընդարձակ սրահն է։ Վերջինիս չորս կողմերում՝ շենքի 5 հարկերում տեղակայված են դերասանական, խմբագրական, վարչական, տեխնիկական սարքավորումների սենյակները։ Նախասրահի ինտերիերը լուծված է որմնասյուներով և խճանկարներով։ Շենքի անկյունային մասերում տեղադրված աստիճանավանդակները պատված են սպիտակ մարմարով։ Գլխավոր ճակատը հարդարված է 16 մ բարձրությամբ հզոր սյուներով։ Կառուցված է Նոյեմբերյանի ֆելզիտից՝ միդիս շարվածքով։


Հովսեփյան փող. 26