ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1927 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.56
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Կառուցվել է Պուշկինի փողոց, 25 հասցեում, հայ նոր ճարտարապետության հիմ­նադիր, ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Շենքի չորրորդ հարկն ավելացվել է ավելի ուշ։ Մասնակի պահպանվել են ճակատները և կցակառուցվել է նոր բարձրահարկ շենք:

1930-ական թթ․ պատկանել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին։ Շենքի նկուղներում իրենց վերջին օրերն են ապրել հայ մտավորականության ներկայացուցիչներից շատերը։ Հետագայում այստեղ գործել է Անդրեյ Ժդանովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտը, ապա՝ Արտա­կարգ իրավիճակների վարչությունը։

Հատակագիծը երեք հարկերում ունի միանման միջանցքային լուծում: Եզրային թևերում տեղադրված են աստիճանավանդակները: Սենյակների լուսավորությունն իրականացվում է արևելյան և արևմտյան ճակատներից: Գլխավոր՝ դեպի փողոց նայող ճակատը դիրքորոշված է արևելք, ունի ճարտարապետական համաչափ լուծում: Եզրային թևերն ընդհանուր հարթությունից քիչ առաջ են եկած, դրանց անկյուններում տեղադրված են մուտքերը: Ճարտարապետական լուծման միջոց են հանդիսանում ուղղանկյուն և բազմանկյուն փոքր պատշգամբները, ուղղանկյուն բացվածքները:

Շենքի հիմքի երկու շարքերը կոպտատաշ բազալտից են, որմնասյուները, պատուհանների փականները, տրամատված քիվը՝ սև սրբատաշ տուֆից: Մնացած հատվածները սվաղված են:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան


Պուշկինի փող. 25