ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՌԱՔԵԼ ԱՖՐԻԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XX դ. սկիզբ
Աֆրիկյանների
երկհարկանի առանձնատունը գտնվում է Պուշկինի փողոցում։ Շենքն ունի Г-աձև հատակագիծ
և բաղկացած է երկու մասից։
Առաջինը
գլխավոր մասնաշենքն է։ Դրա երկարությունը փողոցի ուղղությամբ 24,3 մ է, լայնությունը՝
պատշգամբի հետ միասին՝ 15,5 մ, իսկ պատշգամբի լայնությունը՝ 3,0 մ։ Մասնաշենքն ունի
ուղղանկյուն հատակագիծ, իսկ ներքին տարածությունը բաժանված է երկշարք սկզբունքով։ Երկայնական
բաժանումը կատարվում է կրող պատերով, լայնականը՝ հիմնականում միջնորմներով։ Սենյակաշարքերից
մեկը դիրքորոշված է դեպի հարավ-արևմուտք (փողոց), որտեղ են բացվում նաև երկրորդ հարկի
երեք բարձակային պատշգամբները։ Մյուս սենյակաշարքը դիրքորոշված է դեպի ներքին բակ,
որտեղ բացվում է նաև սրահը (դահլիճների մակերեսներն են՝ 64,5 քառ. մ և 50,1 քառ. մ,
փոքր սենյակներից մեկինը՝ 23,1 քառ. մ, բարձրությունը՝ 5,0 մ)։ Շինության կողային թևը
հիմնական ծավալին միանում է գրեթե ուղիղ անկյան տակ և թեքվում դեպի բակը։ Մի շարք սենյակներ
ունեն երկկողմանի դիրքորոշում՝ դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևմուտք (փողոց)։
Ներսում՝
առաստաղներին, պահպանվել են որմնանկարներ։ Առաջին նախասրահում երկրաչափական և բուսական
զարդաքանդակներով վարդյակ է, երկրորդում՝ երկնքի և ծաղիկների ֆոնի վրա ամուրների պատկերներ։
Երկրորդ հարկի սենյակներից մեկում ևս պահպանվել են գունագեղ նկարներ։ Կան հարթ հախճասալիկներով
երեսպատված պատի վառարաններ։
Կառուցվածքում
կիրառված են քարից՝ միդիս շարվածքով կրող պատեր։ Փողոցի կողմի ճակատում օգտագործվել
է երևանյան սրբատաշ սև տուֆ։ Ծածկերը հարթ են, փայտյա, իսկ տանիքը՝ թեք, մետաղյա։
1918–1920
թթ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, այս տանն է ապրել Սարդարապատի ճակատամարտի
(1918) ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը, որի մասին շենքի պատին տեղադրված է
համապատասխան հուշատախտակ։ Հենց այս շենքի պատշգամբից էին ճակատամարտի օրերին երևանցիները
պարբերաբար տեղեկություններ ստանում Սարդարապատում տիրող իրավիճակի մասին։
Խորհրդային
կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է, այնուհետև այստեղ գործել են Գավառական
կոմիտեն, Երևանի ցուցադրական N 1 դպրոցը: Հետագայում շենքում տեղակայվել են տարբեր
գրասենյակային տարածքներ: 2017 թ. այստեղ էր տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնը: