ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԲԱՐՍԵՂ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ


1905 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.8

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Տունը գտնվում է Պուշկինի և Արամի (նախկին Սպանդարյան) փողոցների միջև ընկած հատվածում՝ Աբովյան փողոց 6 հասցեում: Կցակառուցված է եղբոր՝ Գրիգոր Եղիազարյանի տանը:

Ըստ ՀՀ ազգային արխիվում պահվող մի փաստաթղթի՝ Բ. Եղիազարյանը տունը կառուցել է XIX դ. 80-ական թթ. առաջին կեսին (1884 թ.): Տունն ուներ հետևյալ սահմանները. մի կողմից Գր. Եղիազարյանի տունը, մյուս կողմից՝ Մ. Անանյանի տունը, երրորդ կողմից Կորգանովի տունը և չորրորդ կողմից Աստաֆևսկայա (այժմ՝ Աբովյան) փողոցը:

Տունը երկհարկանի էր՝ կառուցված տուֆ քարով: Տանիքը ծածկված էր թիթեղով: Տան երկարությունը 75 արշին (երկարության հին ռուսական չափի միավոր, հավասար է 71.12 սմ) էր, լայնությունը՝ 3 արշին, բարձրությունը՝ 5 սաժեն (երկարության հին ռուսական չափի միավոր, հավասար է 2.134 մ): Ուներ 7 վառարան, 15 դուռ և 47 պատուհան: Պատշգամբը փայտից և երկաթից էր: Հատակը ևս փայտից էր: Ուներ 12 սենյակ և 2 խոհանոց: Բակում կար 3 կրպակ»:                            

Թեև առանձնատան կառուցման պաշտոնական տարեթիվ է համարվում 1884 թ., բայց կառուցումն ավարտվել է հավանաբար ավելի ուշ՝ XX դարասկզբին (ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանի կարծիքով՝ 1905 թ.):

Տունը պատկանել է քաղաքային դումայի անդամ, մեծահարուստ վաճառական, հասարակա­կան գործիչ, բարեգործ, երևանյան ջրմուղի կառուցման հովանավորող­ներից Բարսեղ Եղիազարյանին: Վերջինիս էին պատկանում նաև 1876 թ. հիմնադրված Գործվածքեղենի և բամբակի առևտրական ընկերությունը, «Բ. Ե. Եղիազարյան և ընկ.» առևտրական տունը, Բամբակամամլիչ գործարանը և այլն:

1914 թ. Բ. Եղիազարյանի ժառանգները շենքի վերին հարկը զիջել են բարեգործա­կան «Հայկական հիվանդանոց»-ին (30 մահճակալ, տնօրեն՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան), որը գործել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ հետո՝ 1918 թ. հոգացել է Սարդարապատի ճակատամարտի վիրավորների բուժման խնդիրները: 1920 թ. շենքի պատշգամից հռչակվել է Հայաստանի խորհրդային իշխանությունը: Այնուհետև՝ մինչև 1937 թ. այստեղ է գտնվել ՀԿԿ Կենտրոնական կոմիտեն և աշխատել են 1-ին քարտուղարներ Գևորգ Ալիխանյանը (1920-1921), Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1921-1922), Աշոտ Հովհաննիսյանը (1922-1927), Հայկ Հովսեփյանը (1927-1928), Հայկազ Կոստանյանը (1928-1930), Աղասի Խանջյանը (1930-1936): 1951-1981 թթ. եղել է Ստ. Շահումյանի անվան քաղաքային լուսավորության տուն (մինչև 1960 թ.՝ պրոպագանդայի տուն), 1981-ից՝ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչություն:

2015-2017 թթ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ: 2017-ից որոշ ժամանակ, շենքի մի մասում գործել է «Նոյյան տապան» գրախանութը:

Բ. Եղիազարյանի առանձնատունը երկհարկ է, չափերն են՝ 20.7 x 24.6 մ: Հիմնական մասնաշենքում կենտրոնացված է շքասենյակների և բնակելի սենյակների խումբը (վերևի հարկի սրահը՝ 121.9 քմ, բարձրությունը՝ 4.1 մ): Ավելի նեղ, կողային թևում օժանդակ սենյակներն են: Նախասրահն ու սանդղավանդակը տեղավորված են առանձին բջջում: Բակի կողմից սրահներ են: Վերևի հարկի կենտրոնում գտնվում է սրահի հետ կապված բարձակային պատշգամբը: Գլխավոր հյուսիս-արևմտյան ճակատի սիմետրիկությունը խախտվում է միայն մուտքի տեղադրությամբ: Կողմնային ուղղաձիգ ջլատումները բաժանում են ճակատը, միաժամանակ ընդգծում են մուտքի տեղադրությունը: Պատը մշակված է խոր ժապավենաձև կոպտատաշ քարերով: Բացվածքները կիսաշրջանաձև են, կամարակապ, ներքևի շարքում մշակված են կոպտատաշ քարով, իսկ վերևում երիզված են տափակ արխիվոլտերով: Ուղղաձիգ ջլատումներում պատուհանները եռափեղկ են, միջնապատերում հոնիական սյուներով: Բարձակային պատշգամբը հենվում է ցանցկեն մետաղե նեցուկների վրա և ունի նույնատիպ ճաղաշար: Շենքի դեկորատիվ հարդարանքը կենտրոնացված է երկրորդ հարկում՝ լուսամուտատակի որմնախորշերը հարդարված են բուսական խոշոր զարդաքանդակներով, բարավորներում տարատեսակ վարդյակներ են, ծոփորը զարդարված է պարզ հյուսքաքանդակով, պսակող քիվը՝ ատամիկներով, մոդուլյոններով:

Պատերը կրող են, ծածկերը՝ հարթ, փայտե: Տանիքը թեք է: Փողոցի ճակատը երեսպատված է սև տուֆով:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 6