ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱ (ՓԱԿ ՇՈՒԿԱ)
1952 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.152
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
Կոնստրուկտոր՝ Հ. Առաքելյան
Շուկայի շենքը գտնվում
է Մ. Մաշտոցի պողոտա, 3ա հասցեում: Կառուցվել է 1952 թ., ՀԽՍՀ առևտրի մինիստրության պատվերով:
Շուկայի շենքը (մինչև վերանորոգումը) եռաստիճան սրահ է՝ ընդգծված կենտրոնական նավով: 70 մ երկարությամբ և
32 մ լայնությամբ գլխավոր սրահը ծածկված է
19 երկաթբետոնե թաղակիր կամարներով, որոնք հաջորդում են միմյանց յուրաքանչյուր 4 մ-ը մեկ: Կամարները գեղարվեստական լուծում են ստացել ռիթմիկ փոքրացող կամարիկների օգնությամբ, որոնք կառուցվածքին տալիս են թեթևություն և հարստացնում են ներքին տարածությունը:
Կողային նավերը երկհարկ
են, ուր տանում են լայն աստիճանները:
Դեպի պողոտա կողմնորոշված գլխավոր ճակատը լուծված է հզոր կամարակապ մուտքով: Գլխավոր մուտքը ձևավորված է մետաղական վիտրաժով, շարժական դռնով, ազգային զարդամոտիվներով:
Շուկայի ներսում եղել է փոքրիկ շատրվանով ջրավազան, որտեղ
մետաղադրամ գցելու ավանդույթ կար:
Զբաղեցրած տարածքը 2300 քառ. մ է: Չափերն են՝ 42 x 92 մ, շինանյութը՝ երկաթբետոն, տուֆ:
2012-2013 թթ. հիմնանորոգվել է, ներսը՝ վերափոխվել: 2014-ից գործում է իբրև «Երևան սիթի» առևտրի կենտրոն:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան