ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՅԱՐԱՆ


1981


Պետ. ցուցիչ՝ 1.6.96.6
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան
Կոնստրուկտորներ՝ Օ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան

Գտնվում է Նալբանդյան փողոցի և Գլխավոր պողոտայի հատման հյուսիսային հատվածում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Նախագծվել է 1975 թ.: Շինարարությունն սկսվել է 1981 թ.: Մինչև 1991 թ. կոչվել է «Լենինի հրապարակ» կայարան:
Կայարանի և Հանրապետության հրապարակի համալիրի միջև ստեղծված է ներդաշնակ կապ: Կառույցում, մայթի մակարդակից սկսած, առանձնացվել են վերգետնյա ոչ բարձր, աստիճանաձև տեղադրված հորիզոնական հարթակներ: Երեք կողմից աստիճանաշարերը մայթից սահուն կերպով տանում են դեպի կիսաբաց, 52 x 46 մ չափերով բակ, որի կենտրոնում շրջանաձև հատակագծով, շքեղ հորինվածքով շատրվանն է: Վերջինը ձևավորված է հովհարաձև բացվածք ունեցող 40 ավազանների համակարգով, որոնց տրամագիծը դեպի կենտրոն հետզհետե փոքրանում է և նման է վարդաքանդակի: Կիսաբաց բակի ծածկը շատրվանի վրա բացվում է ութ «թերթիկների» յուրահատուկ ձևով: «Թերթիկների» կողային հատվածները ձևավորված են բուսական զարդադրվագներով և թռչունների պատկերներով:
Երկաթբետոնե հեծանածածկը պահում են բացվածքի պարագծով շարված կոնաձև երկաթբետոնե սյուները, կողային պատերը և կամարաշար ունեցող քարե պատը: Կիսաբաց բակի պատերը, աստիճանները և հատակը շարված են Բյուրականի մուգ կարմիր տուֆով: Նախասրահից կառամատույց են իջնում երեք շարժասանդուղքներ: Գլխավոր սպասասրահը եռակամար սյունաշարերով առանձնանում է աջակողմյան և ձախակողմյան կառամատույցներից: Երեսապատված է սպիտակ մարմարով: Հատակը սալարկված է կարմիր գրանիտով: Սրահի մուտքի հանդիպակաց բացվածքը, որտեղից նախատեսված է երկրորդ ելքը, փակված է հայելապատ վահաններով:           
1983 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: 


Հանրապետության հրապարակ