ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆ
1944-1955
Գտնվում
է Հանրապետության հրապարակի հյուսիսարևմտյան մասում:
Սկզբնական
նախագծի հեղինակը ճարտարապետ Նիկոլայ Տոկարսկին է: Ի սկզբանե նախատեսվում էր շենքը
կառուցել Աբովյան փողոցում՝ Արհմիությունների հին շենքի և աղյուսաշեն երկհարկանի տան
տեղում: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո ճարտարապետներ Սամվել Սաֆարյանը Ռաֆայել
Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի հետ համագործակցությամբ նախագծեց Արդյունաբերական
կոոպերացիայի վարչության տունը: Այն նախագծվել էր այնպես, որ «Արարատ» տրեստի շենքի
հետ լիներ միասնության մեջ և եզրափակեր հրապարակի այդ հատվածը: Շենքի երկրորդ հարկի
կառուցման ընթացքում նախագծվեց նաև «Արարատ» ռեստորանի շենքը:
Կառավարական
երկրորդ տան կազմի մեջ մտնում են «Արարատ» տրեստի շենքը և Արդյունաբերական կոոպերացիայի
վարչության տունը: Այն ներկայացնում է կուռ ամբողջություն և կառավարական առաջին տան
հետ տեղադրված է համաչափորեն: Ծավալատարածական լուծումը համապատասխանում է կառավարական
առաջին տան հորինվածքային ընդհանուր առանձնահատկություններին, այն է՝ եռահարկ, ցածր,
ուղղանկյուն ծավալ հրապարակի սեղանաձև մասում, աշտարակը՝ հիմնական գոգավոր-կիսաշրջանաձև
ծավալին անցնելու մասում: Համանման լուծում ունեն նաև ճակատների հարթությունները:
Շենքի
ուղղանկյուն մասի առաջին հարկը զբաղեցրել է գրախանութը, որի դիմաց՝ ճակատի ամբողջ երկայքով
կառուցված է կամարակապ բաց սրահ, դեպի ուր փողոցից տանում են աստիճանները (այժմ չի
գործում): «Արարատ» տրեստի շենքի ճակատը մշակված է դեկորատիվ կամարաշարով: Կամարատակ
պատերի հարթություններին տեղադրված են բարձր պատուհաններ: Վերևի մասը լուծված է սյունազարդ
պատշգամբի ձևով: Շենքի անկյունային մասը (Աբովյան և Փավստոս Բուզանդի փողոցների հատման
հատված) շեշտված է շքամուտքով և նրա վրա բարձրացող դեկորատիվ սյունաշարով:
Ուղղանկյուն
ծավալի ներքնահարկում ժամանակին գործում էր «Արարատ» ռեստորանը, իսկ Բուզանդի փողոցի
երկայնքով տեղավորված էր սրճարանը:
Շինանյութը
Լոռու մարզի Անտառամուտ գյուղի ճերմակ քարն է: Հիմնախարիսխը կառուցվել է Փամբակի սրբատաշ
գրանիտից: