ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆ - 1
1940-ական թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.6.1
Երևանի Քաղաքային պանթեոնը բաղկացած է մի քանի հատվածից, որոնք իրարից անջատված են անցուղիներով: Գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Կենտրոնական գերեզմանատանը: Այստեղ հուղարկավորված են պետությանն ու ժողովրդին հատուկ ծառայություններ մատուցած պետական, ռազմական և հասարակական գործիչներ, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում կարևոր ներդրում ունեցած երախտավորներ: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը 2016 թ. քաղաքային - 1 պանթեոնում հաշվառել է 614 գերեզման, քաղաքային - 2-ում՝ 78 գերեզման, քաղաքային - 3-ում՝ 99 գերեզման: Հաջորդող տարիներին այս թվերը որոշակի փոփոխություններ են կրել։
Քաղաքային - 1 պանթեոնը չափերով ամենաընդարձակն է և զբաղեցնում
է Կենտրոնական գերեզմանատան կենտրոնական հատվածը՝ գլխավոր մուտքից մոտ 500 մ հյուսիս-արևելք: Ձևավորվել է 1940-ական թթ.:
1930-ական թթ. կեսերին փակվեց Երևանի ամենահին և խոշոր գերեզմանատներից մեկը՝ Կոզեռնը, 1936-1957 թթ. փակ էր նաև Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Քաղաքի հարավարևելյան մասում հիմնադրվեց նոր հանգստարան, ու նրա տարածքի միջին հատվածը վերածվեց Քաղաքային - 1 պանթեոնի: 1940-1950-ական թթ. այստեղ հուղարկավորվեցին Փանոս Թերլեմեզյանը (նկարիչ,
1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից), ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհիներ Արուս Ոսկանյանն ու Հասմիկը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Մանուկ Աբեղյանն ու Հրաչյա Աճառյանը, երգահան Արմեն Տիգրանյանը,
գրող Դերենիկ Դեմիրճյանը և այլք: Հետագայում այստեղ հուղարկավորվեցին անվանի ճարտարապետներ
Մարկ Գրիգորյանը, Ռաֆայել Իսրայելյանը, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, երգահան
Առնո Բաբաջանյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, նկարիչ Մինաս Ավետիսյանը, ֆիզիկոս Արտեմ
Ալիխանյանը և ուրիշներ:
Ժամանակի ընթացքում նշանավոր անձանց կողքին հուղարկավորվեցին նաև նրանց կողակիցներն
ու ընտանիքների անդամները:
Քաղաքային - 1 պանթեոնը ներառում է հսկայական քանակությամբ արժեքավոր կոթողներ, տապանաքարեր, կիսանդրիներ, նորօրյա խաչքարային արվեստի փայլուն օրինակներ, ճարտարապետական փոքր ձևեր՝ ուշագրավ հորինվածքներով և ծավալային լուծումներով:
Քաղաքային - 1 պանթեոնը փակ է, նոր հուղարկավորություններ չեն կատարվում:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան