ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՄՐՈՑ ՁՈՐԱԲԵՐԴ


Մ.թ.ա. II հազ.


Պետ. ցուցիչ՝ 1.3.1

Ամրոցը Քեռու փողոցում է՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր, լեզվականման հրվանդանին՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից մոտ 500 մ արևմուտք՝ խիտ կառուցապատված միջավայրում: Ոչ մեծ բերդշենը միջանկյալ կայան է եղել բրոնզեդարյան Կարմիր բերդ և Ծիծեռնակաբերդ ամրոցների միջև: Հրվանդանի հյուսիսային և հարավային բարձունքների վրա և դրանց միջակայքի գոգավոր իջվածքում բնակատեղին է, որտեղ պահպանվել են պարիսպների ու շինությունների մնացորդներ: Հարավային գագաթին ուղղանկյուն հատակագծով կոթողային կառույց է (20 x 10 մ), որի 2 մ հաստությամբ պատերը շարված են զանգվածեղ որձաքարերից՝ քարահողային լիցքով։

Բերդշենից ներքև՝ Հրազդան գետի ձախ ափին՝ գետի հունից մոտ 80 մ  բարձրության վրա «Նոր Արաբկիր-1» («Ձորաբերդ-1») քարայր-կացարանն է (մթա II հազարամյակ, մթ XIV-XVII դդ., պետ. ցուցիչ՝ 1.3.1.1): 3 x 4,8 x 3,2 մ չափերով սրահ է` մուտքն արևմուտքից: 1975 թ. հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝ Բենիկ Երիցյան): Հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) իրեր, ոսկրե հերուն, ավազաքարից պատրաստված կոկիչ, ուշ միջնադարյան կոպիտ ու ջնարակապատ թասերի և երկաթե գործիքի բեկորներ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Քեռու փող.