ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԱՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
V-XX դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.2.6
Գտնվում է թաղամասի
մեջ՝ Մարշալ Խուդյակովի, Շահինյան, Վախթանգովի, Մալյան փողոցներով եզերված տարածքում։
Ավտոճանապարհով բաժանվում է մեծ և փոքր հատվածների։
Գերեզմանոցի մեծ
(աջակողմյան) հատվածում՝ բարձունքի վրա, պահպանվել են IX-XVII դդ. թվագրվող գեղաքանդակ խաչքարեր, խաչքարերի բազմաթիվ բեկորներ, պատվանդաններ,
ուղղանկյունաձև, օրորոցաձև ու երկթեք վերնամասով տապանաքարեր, սալատապաններ։ Մշակման
տեխնիկայով և նրբագեղությամբ աչքի են ընկնում հատկապես խաչքարերը (Սարգսի՝ 1204 թ.,
Մուլքանշահի և Վարծելի՝ XV դ., Խերխաթունի՝ 1466 թ., Նեքամատ աղայի՝ 1507 թ., Ազարիայի՝ 1590 թ., Հապիպսուլթանի՝ XVI դ., և այլն)։ Տապանաքարերի մի մասն արձանագիր է կամ քանդակազարդ՝ հարդարված
կենցաղային տեսարաններով, խաչերով և ննջեցյալի ուրվագծային պատկերներով (Ամիրգուլի՝ 1462 թ., գավառեցի Մելիքսեթ երեցի՝ 1581 թ., Ազարիայի՝ XVI դ., Մարտիրոսի՝ XVI-XVII դդ., Խասփուշի՝ 1610 թ., Իգնատիոս քահանայի՝ XVII դ., Գուլամիրի՝ 1653 թ., Մարկոսի՝ 1799 թ., և այլն)։ Խաչքարերից մեկը (XVI դ.) կերտել է միջնադարյան քարգործ վարպետ Գուրգենը, կենցաղային
տեսարանով ու ծածկագիր արձանագրությամբ մի տապանաքար էլ՝ XVI դ. նշանավոր քարգործ Մելիքսեթը։
Այս ծածկագիրը Երևանի տարածքում մինչ օրս հայտնի երկու ծածկագիր արձանագրություններից
երկրորդն է (առաջինը հայտնաբերվել է Ավանի տաճարում):
Գերեզմանոցի արևմտյան
և հարավային հատվածները հիմնականում զբաղեցնում են XIX-XX դդ. թաղումները։ Հյուսիսային մասում Երկրորդ աշխարհամարտում զոհված ավանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանն
է՝ կառուցված սև և կարմրավուն տուֆից, 1976 թ. (ճարտարապետ՝
Ստ. Քյուրքչյան, քանդակագործ՝ Ե. Վարդանյան)։
Գերեզմանոցի փոքր
հատվածը՝ ութանիստ կոթողով (V-VI դդ.) ու մի քանի խաչքար-տապանաքարերով մնացել է ասֆալտապատ
ճանապարհի ձախակողմում:
1968 թ. տարածքում կատարվել են բարեկարգման աշխատանքներ։
Գերեզմանոցը գործող է: Պատմական հատվածն ավերվում է նորօրյա թաղումների պատճառով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան