ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»


1941 թ., 1982 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.12

Ճարտարապետներ՝ Ռ. Ներսիսյան, Գ. Յոլյան, Ս. Մանուկյան

Քանդակագործներ՝ Ա. Սամվելյան, Գ. Հովսեփյան

 

Գտնվում է քաղաքի հարավարևելյան մասում՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը: Զբաղեցնում է 17,6x10,1 մ տարածք: Դեռևս Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) այստեղ են թաղվել Երևանի զինվորական հիվանդանոցներում մահացած հայ և օտարազգի զինվորներն ու սպաները: 1980-1982 թթ. ստեղծվել է զինվորական հուշահամալիր, որի համար հիմք են ընդունվել արդեն ձևավորված գերեզմանները:

 

Համալիրի մաս են կազմում հուշապատը, հուշակոթողը՝ զույգ զինվորների քանդակներով և դեպի կոթող տանող բազալտե սալիկապատ ճանապարհի երկու կողմում տեղադրված տապանաքարերը (26 շարք, յուրաքանչյուրում՝ 10-ական), որոնց վրա ռուսերենով գրված են զոհվածների անունները: Իբրև շինանյութ՝ օգտագործվել են տուֆը, բազալտը և այլն:

Զինվորական գերեզմանոցում են թաղված Խորհրդային Միության հայ հերոսներ,  խորհրդային բանակի նշանավո հայ գործիչներ, հայ և օտարազգի զինվորներ ու սպաներ: Թվարկենք նրանցից մի քանիսը՝ ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Աշոտ Ղազարյան (1921-1995), Թամանյան N 89 հայկական դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան (1907-1982), ԽՍՀՄ հերոս Աշխարհաբեկ Ղազարյան (1921-1986), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Անդրանիկ Մանուկյան (1916-1986), ԽՍՀՄ հերոս, գնդապետ, հնագետ Գեդեոն Միքայելյան (1907-1985), ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյան (1900-1984), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գեորգի Հակոբյանց (1920-1976), գեներալ-մայոր Նիկոլայ Նովիցկին (-1945, տեղափոխված Մանկական զբոսայգուց), ավիացիայի գեներալ-մայոր Արամ Սարկիսյան (Սարգսյան) (1922-1985), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆ. Ռուբեն Բարսեղյան (1933-2006), ՀՀ վաստա­կա­վոր բժիշկ, պրոֆ.Գագիկ Մխոյան (1950-2009) և ուրիշներ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Կենտրոնական գերեզմանատուն