ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Նկարչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ, նմուշահավաք Լուսիկ Ագուլեցին ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի հետ ընտանեկան հարկը վերածել է մշակութային յուրահատուկ հարթակի, որտեղ զարմանալիորեն ամեն մեկը զգում է իրեն ինչպես տանը։ Դեռևս Լուսիկ Ագուլեցու օրոք մշտապես ընդունելով հյուրեր՝ տունը թանգարանի վերածելու միտք հղացավ։ Այնտեղ այցելելում էին թե՛ դպրոցականներ, թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա արվեստասերներ, որոնք վայելում էին տանտիրուհու ջերմ վերաբերմունքն ու հյուրընկալությունը։
2013 թվականին ստեղծվեց «Ագուլեցի» ազգագրական, մշակութային, ստեղծագործական, կրթական հիմնադրամը՝ շարունակելով ընդունել հյուրեր։
2019 թվականին պաշտոնապես բացվեցին «Ագուլեցի» տուն-թանգարանը և արտ-սրճարանը։
Լուսիկ Ագուլեցու հավաքածուն ժամանակի ու տարածության յուրօրինակ խաչմերուկ է՝ մեծ ընդգրկումով։
Թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ ներկայացնող ցուցանմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։ Հատկանշական է այն, որ բոլոր իրերը ձեռք են բերվել հայ ընտանիքներից։
Լուսիկ Ագուլեցին տարիներ շարունակ մոռացությունից ու կորստից փրկեց, նոր կյանք տվեց մշակութային տարբեր արժեքների՝ հնատիպ իրեր, կահույք, կահ-կարասի, խեցեղեն, գորգեր, գրքեր, զարդեր և այլն: Նա, տարիներ շարունակ հաղթահարելով շատ դժվարություններ, սեփական օրինակով տարազ կրելու մշակույթ ձևավորեց , ստեղծեց տարազների հավաքածու, տոնածիսական մշակույթի յուրատիպ հավաքածու, որն իր ընդգրկումով եզակի է Հայաստանում։
Արժեքավոր է նաև «Սերունդներ» խորագիրը կրող ցուցադրությունը, քանի որ ընտանիքում հինգ սերունդ ստեղծագործողներ են։ Այս հիմքի վրա էլ տունը վերածվեց թանգարանի, որը սիրված վայր է դարձել շատերի համար։
Թանգարան հաճախ այցելում են դպրոցականներ, ուսանողներ, օտարերկրյա հյուրեր, որոնց հետ անցկացվում են վարպետաց դասեր, կրթական տարբեր ծրագրեր։
Այս տան դռները միշտ բաց են եղել հյուրերի առաջ, և առանց ջերմ հյուրասիրության ոչ ոք չի հեռացել։
Ավանդույթները շարունակելու համար բացվեց արտ-սրճարան, որը վեր հանեց ազգային խոհանոցից մոռացված ուտեստներ, քանի որ խոհանոցը ևս մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է։
Այստեղ հյուրերին առաջարկում են նաև Ագուլեցու ընտանեկան բաղադրատոմսերից։
Տուն-թանգարանում և արտ-սրճարանում համատեղվում են համեղ սնունդն ու հոգևոր սնունդը։ Թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա հյուրերի համար այս ձևաչափը բավական հետաքրքիր է, և հաճախ հնչում է կարծիք՝ հետևյալ բնորոշմամբ. «Սա Հայաստան է՝ չորս պատերի մեջ»։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - կիրակի՝ 12:00-19:00
ՄՈՒՏՔ
Դպրոցականներ - 500 դրամ
Ուսանողներ, թոշակառուներ -700 դրամ
Մեծահասակներ - 1000 դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 2000 դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ երեխաներ -1000 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հայերեն - 2000 դրամ
Ռուսերեն, անգլերեն - 3000 դրամ
(արժեքը սահմանված է մինչև 15 հոգանոց խմբերի համար)
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Նախատեսված են 10- 20 հոգու համար: Գինը նշված է յուրաքանչյուր անձի համար՝ երեխաներ (մեծահասակներ)։ Բոլոր նյութերը տրամադրում է թանգարանը։
Ցորենով կենաց ծառի հյուսում - 1500 դրամ (2500) դրամ
Կտորե պայուսակի վրա նկարում - 6000 (7000) դրամ
Խեցեգործություն - 7000 դրամ
Գորգագործություն - 5000 դրամ
Խաղ-ծանոթություն ծեսերին - 500 դրամ
ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Գաթայի պատրաստաում՝ գաթանախշի օգնությամբ 1500 (2500) դրամ
Ասիլ - վասիլների պատրաստում (ծիսական տիկնիկներ խմորից) 1500 (2000) դրամ
Տոլմա - 4000 դրամ
Վանա մշոշ - 3000 դրամ
Թոփիկ - 3500 դրամ
Ագուլիսյան - 4000 դրամ
Ղափամա - 3500 դրամ
Խուրջին - 5000դրամ
Թոնրի լավաշի թխում (պանիր,վարունգ, լոլիկ) 3500 դրամ (մինիմում 30 հոգի)
ՖՈՏՈՍԵՍԻԱ
Մեկ տարազի տրամադրումը թանգարանի տարածքում ՝ ժամը 15000 դրամ, (առանց լուսանկարչի ծառայության):
Գործում է նաև պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայություն: