ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Հանրապետության Հրապարակ
Երևանի սիրտը` Հանրապետության հրապարակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է: Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտան միավորող հանգույցում։ Մինչ թամանյանական նախագիծի իրագործումը, նույն տեղում եղել է բաց հրապարակ՝ ըստ Մեհրաբովի հատակագծի։ Հրապարակը կառուցապատվել է մի քանի փուլով. առաջին և երկրորդ կարևորագույն փուլերը կապված են Հողժողկոմատի (1929թ.) և Կառավարական տան (1941թ.) շինարարության հետ, որոնց ճարտարապետը Թամանյանն է:
Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվել է Լենինի անունով: Հարավային մասում կանգնեցված է եղել վերջինիս արձանը (քանդ.` Ս. Մերկուրով, ճարտարապետներ` Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանով), որը կազմաքանդվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։
1950-ական թվականներին հրապարակի միջավայրը համալրվել է «Արարատ» տրեստի և Կառավարական երկրորդ տան, Կապի և Արհմիությունների, «Արմենիա» հյուրանոցի շենքերով և Մշակույթի տան առջևի բաց սյունասրահով։ 1980 թվականին Մշակույթի տան շենքի վրա ավելացվել է Պետական պատկերասրահի շենքը։
Ներկայումս հրապարակը ձվաձև է, որին հարում է սեղանաձև հատվածը` շատրվաններով և ջրավազանով։ Հրապարակի համալիրի գեղարվեստական կերպարի ստեղծմանը վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական տան ճարտարապետությունը, որը կանխորոշել է հրապարակի ծավալների համամասնությունը, շենքերի բարձրության հարաբերակցությունը։ Հրապարակում գերիշխում են ճկուն կամարաշարերը, ազգային հյութեղ զարդանախշերը և քարի նուրբ վարդագույն ներկապնակը։
Հրապարակը խորհրդային ճարտարապետության լավագույն համակառույցներից է։ 1970 թվականին հրապարակը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի է արժանացել։ Վերջին անգամ վերակառուցվել և բարեկարգվել է 2003-2004 թվականներին։
Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Երևանի կենտրոնական երգող շատրվանները, որոնք նույնպես նախագծել է ճարտարապետ Ալ. Թամանյանը դեռևս 1939 թվականին, սակայն կառուցվել են 1955 թվականին՝ ճարտարապետ Է. Սարապյանի նախագծով, իսկ 1970 և 1988 թվականներին վերափոխվել են գունաերաժշտական շատրվանների: