ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 50-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1967


Պետ. ցուցիչ՝ 1.3.10
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան

Հոկտեմբերյան Հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը գտնվում է Քանաքեռի սարահարթի վրա՝ Ազատության պողոտայի սկզբնամասում: Կառուցվել է 1967 թ.՝ Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով:

Այն երկու տարբեր առանցքներով ու տարբեր հարթությունների վրա գտնվող ուղղանկյունաձև հարթակների ամբողջություն է, որոնցից վերինի ձախակողմյան մասում բարձրանում է ոսկե տերևով եզրափակվող 50 մետրանոց քառանիստ կոթողը։ Նիստերի ստորին մասերում քանդակված են հավերժության նշաններ:

Հուշարձանը դիմահայաց է դեպի Ազատության պողոտա և Թամանյան փողոց, իսկ բուն կոթողը կանգնեցվել է այնպես, որ գտնվում է ճիշտ Թամանյան փողոցի առանցքի վրա: Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռը, որի շնորհիվ հուշարձանը կատարում է նաև դիտահարթակի դեր: Վերին հարթակի վրա բարձրացող չորս պատերը ստեղծում են առանց ծածկի ուղղանկյուն սենյակ, որի ներքին մակերեսները հարդարված են միջնադարյան խաչքարերի  նմանողությամբ և զարդամոտիվներով, իսկ աստիճաններն իջնում են դեպի երեք կիսաշրջաններով ավարտվող և արտաշիսյան սահմանաքար հիշեցնող ոչ մեծ կոթողը: Թամանյան փողոցի կողմից՝ բլրալանջի երկայնքով, կառուցվել է Կասկադը, որի շնորհիվ Ազատության պողոտան կապվում է Թամանյան փողոցի և քաղաքի կենտրոնի հետ:

Հուշարձանի աջակողմում՝ Ազատության պողոտայի վրա, կանգնեցված է քառակուսի կտրվածքով ոչ բարձր մի կոթող, որի վրա հայերեն և ռուսերեն գրված են հուշարձանի կառուցման տարեթիվը (ՌՋԿԷ–1967) և ընծայական արձանագրությունը՝ «ՄԵԾ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ՝ ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ… ԵՐԿԻՆՔ ՄԻ ՄԱՔՈՒՐ, ԱՐԵՎ ՄԻ ԲՈՍՈՐ ԼՈԿ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀՈՂՄԵՐԸ ԲԵՐԻՆ»:

Հուշակոթողի ընդհանուր բարձրությունը 65 մ է: Հուշարձանի տարածքում է գտնվում նաև խորհրդային տարիներին հայ բռնադատվածների հուշահամալիրը (2008):


Ազատության պող.