ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՏՈՒՆ


1958 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.161

Ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան

Շենքը գտնվում է Մարշալ Բաղրամյան պող., 17 հասցեում` պողոտայի կարմիր գծից ներս` ոչ մեծ այգում:

Ճարտարապետների միությունն ստեղծվել է 1932 թ., շենքը կառուցվել է 1958 թ.` որպես Հայաստանի ճարտարապետների միության վարչության շենք և ճարտարապետի տուն: Վերջինս 1978 թ., Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին, անվանակոչվել է նշանավոր ճարտարապետի անունով:

1982 թ. բակի կողմից կցակառուցվել է մասնաշենք:  

2018 թ. մարտի 17-ին Ճարտարապետների միության 19-րդ համագումարում Հայաստանի ճարտարապետների միությունը վերանվանվել է Հայաստանի ճարտարապետների պալատ:

Շենքը համաչափ է, երկհարկ: Կենտրոնական մուտքն ընդգծված է սյունազարդ նախասրահով, որը ձևավորում է երկրորդ հարկի բաց պատշգամբի եզրապատը: Երկու դուրս եկող կողային ռիզալիտներից կազմվել են անկյունային ծածկված տիմպան-օթյակներ, որոնք հարստացնում են կառույցի հորինվածքը:

Կենտրոնական մասը և ռիզալիտներն ունեն նրբագեղ քիվի տեսքով ատամնաշար ավարտ: Պլաստիկ լուծման մեջ օգտագործված են ազգային ձևերը (քիվ, խոյակ):

Շենքը կառուցված է մանուշակագույն երանգի մուգ տուֆից, խոյակները՝ բաց դեղնավուն ֆելզիտից:

Հատակագծային լուծումը պարզ է՝ գլխավոր մուտքի նախասրահ, նկուղում՝  հանդերձարան, երկրորդ հարկում՝ դահլիճ և ճեմասրահ: Առաջին հարկի կողային ծավալներում ճարտարապետների միության տարածքներն են, երկրորդ հարկում՝ ցուցասրահները:

Երևանի կարևորագույն հասարակական շենքերից է: Գեղար­վես­տական առումով հանդիսանում է 1950 թ. բնորոշ կառույց: Աչքի է ընկնում հաջող հատակագծային լուծմամբ, ճարտարապետական մանրամասների նուրբ քանդակա­զար­դմամբ:

                                           «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Բաղրամյան պող., 17
+37410 561 506