ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան


Խաչատուր Աբովյան՝ 19-րդ դարի սկզբի նշանավոր հայ գրող և ազգային հասարակական գործիչ:


Երևանի ամենահին թաղամասերից մեկում՝ Քանաքեռում է գտնվում հայ մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: 

Աբովյանների գրեթե երեքդարյա պատմություն ունեցող տոհմական տունը ներկայացնում է հայկական ավանդական միջավայրն իր  կենցաղով և բարքերով: Այս տունը հյուրընկալ օջախ է եղել ժամանակի երևելի գործիչների, օտարերկրյա ճանապարհորդների ու գիտնականների համար: Նրանց թվում են եղել նաև Ֆրիդրիխ Պարրոտը, Ավգուստ Հաքստ¬հաուզենը, Հերման Աբիխը և շատ ուրիշներ: 1938թ-ից տունը գործում է որպես թանգարան: Տոհմական տունը և թանգարանային շենքը (կառուցված 1978թ-ին) համարվում են պատմական հուշարձաններ:

Ցուցադրությունը ներկայացնում է մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը: Բացի կենսագրական-ստեղծագործական վավերագրերից և նյութերից, այստեղ տեղ են գտել նաև գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց ստեղծագործությունները, ինչպես նաև հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։

Թանգարանի տարածքում է գտնվում Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ 1913թ-ին Փարիզում կերտած Խ. Աբովյանի բրոնզաձույլ արձանը: Այն առաջին մոնումենտալ արձանն է՝ նվիրված գրական գործչի, և գրանցված է հանրապետական նշանակության պատմական հուշարձանների ցանկում: 

Թանգարանի այցեքարտերից է Աբովենց այգին՝ բացօթյա գրադարանով, wifi հնարավորությամբ և հարուստ բուսականությամբ: Մշակութային երեկոները՝ համերգներ, ներկայացումներ, ընթերցումներ, շնորհանդեսներ, հյուրասիրություն և այլն, թանգարանի գործունեության անբաժան մասն են: 


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երկուշաբթի - ուրբաթ՝ 10:00-17:00

Շաբաթ՝ 10:00-15:00

Կիրակի` փակ է

Մայիսից նոյեմբեր ամիսներին թանգարանը աշխատում է մինչև` 21:00-ն:



ՄՈՒՏՔ


Դպրոցականներ – 300 դրամ

Մեծահասակներ – 500 դրամ



ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն – 2000 դրամ

Օտար լեզուներ / ռուսերեն ,  անգլերեն/- 2500 դրամ

Կրթական ծրագիր – 2500 դրամ






Քանաքեռ, 2-րդ փողոց, 4 տուն
+37410 281 687