ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Պետ. ցուցիչ՝ 1.12.15
վրկռ.` 1939 թ., 1978 թ.
Հայ մեծ լուսավորիչ, գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համալիրը գտնվում է մայրաքաղաքի Քանաքեռ թաղամասում՝ Քանաքեռի 2-րդ փողոց, 4 հասցեում:
Համալիրի կազմում
են գրողի արձանը, հայրական տունը, թանգարանի շենքը, Էստոնիայի ու Հայաստանի բարեկամության հուշաղբյուրը:
Համալիրում գերիշխողը գրողի տոհմական տունն է՝ կառուցված
XVIII դ., Խ. Աբովյանի
պապի՝ պարոն Ապովի կողմից: Այն միահարկ, ժամանակաշրջանին բնորոշ կառույց է` կազմված երեք սենյակից և պատշգամբից: Վերակառուցվել և տուն-թանգարանի է վերածվել ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1938 թ. ապրիլի
25-ի որոշմամբ: Թանգարանը գործել է 1939 թ. նոյեմբերից:
1978 թ.
ճարտարապետ Լիպարիտ Սադոյանի նախագծով կառուցվել է թանգարանի նոր շենքը
(կոնստրուկտոր՝ Իլյա Մանուչարյան), որն իր ամբողջ երկարությամբ հովանու տակ է առել տունը: Թանգարանի շենքում կան մեծ ու փոքր ցուցասրահներ, 100-տեղանոց դահլիճ, ֆոնդերի սենյակ և աշխատասենյակներ: Ցուցադրվում են «Վերք Հայաստանի» վեպի հրատարակությունները, գրողի ձեռագիր գործեր, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, Խ. Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ և այլն: Հայաստանում էստոնական գրականությանն ու արվեստին նվիրված միջոցառումների նախօրյակին՝ 1964 թ. սեպտեմբերի 10-ին, համալիրի հարավարևմտյան կողմում տեղադրվել է Խ. Աբովյանի հուշարձանը (քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան, 1913 թ., Փարիզ): Արձանի դեմքը մեկնաբանված է դորպատաբնակ ճանաչված նկարիչ Ֆրիդրիխ Լյուդվիգ ֆոն Մայդելի հեղինակած դիմանկարի համաձայն:
Համալիրի հարավային կողմում հայ և էստոն ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշաղբյուրն է՝ բացված 1964 թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանում էստոնական գրականությանն ու արվեստին նվիրված միջոցառումների ժամանակ (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան):
Համալիրը պահպանում և հանրայնացնում է մեծ լուսավորչի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված արժեքները:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔ
Պետ. ցուցիչ՝ 1.12.15.2
1978 թ., ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, կոնստրուկտոր՝ Իլյա Մանուչարյան
Շինարար` ՀԽՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության N 1 տրեստ
Պատվիրատու` ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրություն
Քանդակագործ` Լևոն Թոքմաջյան (Լ. Սադոյանի էքսիզներով)
Թանգարանը գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոց, 4 հասցեում՝ հայ մեծ լուսավորիչ, գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համալիրում:
Կառուցվել է գրողի հայրական տան վրա` անփոփոխ թողնելով և ամբողջությամբ իր ծածկի տակ առնելով այն: Իրենից ներկայացնում է կառույց, որը մի կողմից դրված է զույգ սյուների վրա` 5 մ կոնսոլով, իսկ մյուս կողմից` երկհարկանի ծավալի վրա: Թանգարանի խուլ ծավալը երեք կողմերից զարդարված է բարձրաքանդակներով (Աբովյանը աշակերտների հետ, դրվագներ «Վերք Հայաստանի» վեպի հերոս Աղասու կյանքից): Առաջին հարկում գտնվում է փոքր ցուցասրահը (100 քառ. մ): Մեծ ցուցասրահը (500 քառ. մ), դասախոսությունների դահլիճն (100 քառ. մ) իր նախասրահով, ֆոնդերի սրահը (60 քառ. մ) գտնվում են երկրորդ հարկում:
Նյութը երկաթբետոնն է, առաջին հարկի պատերը սրբատաշ բազալտից են, երկրորդ հարկինը` սրբատաշ, տեղական տուֆից: Ներսի հարդարանքը` նախասրահները և աստիճանավանդակը, երեսպատված են տուֆով, աստիճանները և հատակը մարմարից են, սյունասրահը (500 քառ. մ) և աշխատասենյակները մանրահատակված են:
Չափերն են` 14 x 36 x 12 մ:
Թանգարանում
ցուցադրվում են «Վերք Հայաստանի» վեպի հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, Խ. Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ
և այլն:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - ուրբաթ՝ 10:00-17:00
Շաբաթ՝ 10:00-15:00
Կիրակի` փակ է
Մայիսից նոյեմբեր ամիսներին թանգարանը աշխատում է մինչև` 21:00-ն:
ՄՈՒՏՔ
Դպրոցականներ – 300 դրամ
Մեծահասակներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն – 2000 դրամ
Օտար լեզուներ / ռուսերեն , անգլերեն/- 2500 դրամ
Կրթական ծրագիր – 2500 դրամ