ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԳԵԹՍԵՄԱՆԻ ՄԱՏՈՒՌ (հիմնահատակ քանդված)


Գեթսեմանի մատուռը Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի տեղում կառուցվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ 17-րդ դար


Գեթսեմանի մատուռը գտնվում էր Երևանի ամենամեծ թաղի՝  Շահարի կենտրոնում, Մատուռը քանդվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցելու համար։  Ալեքսանդր Թամանյանը որոշել էր մատուռը այլ տեղում վերակառուցել, սակայն քարերի կորստի պատճառով նախագիծը չի իրականացվել:

Մատուռի շուրջը սփռված էր հին Երևանի գերեզմանոցը: Ենթադրվում է, որ մատուռի տեղում եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ 11-13-րդ դդ. կառուցված միագմբեթ եկեղեցի։ 1679 թ. ավերիչ երկրաշարժից քանդվել է: Նույն  տեղում 17-րդ դարի վերջին կառուցվել է մատուռ, որը կանգուն է մնացել մինչև 1920-ականները: 

Մատուռն իր հորինվածքով միանավ թաղածածկ էր, փոքրաչափ ու անգմբեթ։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը` առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները պատկանել են 17-րդ դարավերջին, որը և համարվում է մատուռի կառուցման ժամանակը։ Մատուռը նորոգվել է 1901 թ., կտուրը թիթեղապատվել է Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։