ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Հովհաննես եկեղեցում է գտնվում Ավանի նշանավոր որմնափակ խաչքարը (կազմող՝ Գրիգոր Անեցի, 1297), որը միջնադարյան Հայաստանի կոթողային ար-վեստի լավագույն նմուշներից է: 5-6-րդ դարեր, վերանորոգված` 1271
Պետ. ցուցիչ՝ 1.2.13
Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Ավան վարչական
թաղամասում՝ Ն. Սաֆարյան փողոցին հարող տարածքում՝ բլրալանջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց հարավ։
Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցման վերաբերյալ
պատմական տեղեկություններ հայտնի չեն: Խորանի գմբեթարդի
կամարի պայտաձևությունը, մուտքի ճակատակալ քարին շրջանագծված հավասարաթև խաչերը, կարմրաներկ որմնանկարները («Դանիելն առյուծների գուբում»՝ 5-6-րդ դդ․, «Ձուկ»՝ 5-6-րդ
դդ․) վկայում են եկեղեցու՝ վաղ միջնադարում հիմնված լինելու մասին:
Եկեղեցին երկաստիճան գետնախարսխի վրա կառուցված,
թաղածածկ (քանդված է), միանավ սրահ է։ Պատերը կարմրավուն և սև սրբատաշ տուֆից են՝ հարդարված
բազմաթիվ խաչերով։ Խորանը եզերող խաչապատկերները
քանդակվել են Ծերունի վարպետի կողմից, հավանաբար, 10-11-րդ դարերում: Ներսը վերանորոգվել
է 1271 թ. Ավանշահի և նրա որդու՝ Մևանի կողմից: Ավերվել է 1679 թ․ Արարատյան դաշտավայրի ավերիչ
երկրաշարժից։ 1968 թ․ կատարվել են եկեղեցու մաքրման,
ամրացման և մասնակի վերականգնման աշխատանքներ։
Շրջակայքի ընդարձակ գերեզմանոցը (5-17-րդ դդ.)
կառուցապատման հետևանքով ավերվել է: Պահպանվել են վաղմիջնադարյան քառակող կոթողների
բեկորներ, գեղաքանդակ խաչքարեր, մի քանի տասնյակ հարթ, ուղղանկյունաձև, երկթեք վերնամասով և օրորոցաձև շիրմաքարեր։
Խաչքարերի և տապանաքարերի մի մասն արձանագիր է (խաչքար Նորճիկի, 15-16-րդ դդ., խաչքար
16-րդ դ., կազմող՝ Մելիքսեթ, խաչքար Մարիանի, 1610, տապանաքար Գրիգորեսի, 1282, տապանաքար
պարոն Շնահվորի, 1301 և այլն)։
Այստեղ է Ավանի նշանավոր որմնափակ խաչքարը
(կազմող՝ Գրիգոր Անեցի, 1297), որը կանգնեցրել են Լույս ու Շաքարխաթուն ամուսինները եկեղեցու հյուսիսարևելյան
անկյան մոտ։ Այն միջնադարյան Հայաստանի կոթողային արվեստի լավագույն նմուշներից է՝ զարդաքանդակների նրբին և
մանրակրկիտ մշակմամբ։