ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն


Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին հիմնադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի վարչության պետ Զավեն Ղևոնդի Վարդանյանը, գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվել են Շարա Տալյանի վրա, երաժշտական ղեկավար է դառնում Արտեմի Այվազյանը, գլխավոր դիրիժորի դժվարին գործը ստանձնում է Արամ Տեր-Հովհաննիսյանը, փորձառու արվեստագետ Թադևոս Սարյանը նշանակվում է գլխավոր ռեժիսոր:

Թատերական-երաժշտական աշխարհին հայտնի արվեստագետների հզոր խմբակի գլխավորությամբ հավաքագրվում է դերասանական ամուր կազմ` Մոսկվայից, Լենինգրադից, Թբիլիսիից, Բաքվից և հիմականում Դոնի-Ռոստովից, հրավիրվում են օպերետային ժանրի անվանի դերասաններ, որոնց կազմում էին Իզաբելլա և Հայկ Դանզասները, Ալեքսանդր Կարատովը (Կարապետյան), Արմենակ Տեր-Աբրահամյանը, Էդվարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Նվարդ Ալիխանյանը, Սոնյա Էյրամջյանը, Մարինա Սեդմարը, Մարտին Լուսինյանը, Տիգրան Այվազայանը, այնուհետև Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալլա Անդրիասայանը, Արտաշես Արևշատյանը, Սեդա Մարյանը, Նորայր Մնացականյանը, Գրիգոր Սիմոնյանը:

Արամ Տեր-Հովհաննիսյանի ջանքերով (որը միաժամանակ նաև խմբավարն էր) հավաքագրվում է մեծ երգչախումբ` օպերային թատրոնի, պետական երգչախմբի արտիստներից: Նվագախմբի կազմում ընդգրկվում են ժամանակի անվանի երաժիշտներ, որոնցից շատերը հետագայում դարձան նշանավոր մենակատարներ:

Թատրոնի սկզբնական խաղացանկը, բնականաբար, կազմված էր դասական հեղինակների` Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Ֆրիմըլի, Դունաևսկու, Լեպինի և այլ կոմպոզիտորների գործերից: Ազգայինի պահանջը հետզհետե ավելի ու ավելի էր զգացվում, անհետաձգելի պահանջ էր դառնում հայկական օպերետների ստեղծումը:

Խաղացանկում տեղ են գտնում Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի հայտնի օպերետները, այնուհետև թատրոնի համար հատուկ գործեր են գրում Վարդան Տիգրանյանը, Վաղարշակ Կոտոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Եղիազարյանը և ուրիշներ:

Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատել և բեմադրությունների են հրավիրել ոչ միայն հայ ռեժիսորները` Լևոն Քալանթար, Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան, Վարդան Աճեմյան, Հովհաննես Կարապետյան, Տաճատ Վարդազարյան, Հրաչյա Ղափլանյան, Մանյա Ասլանյան, Վավիկ Վարդանյան, այլև հետաքրքիր բեմադրություններ են արել Ֆիլիպովը (Երևան), Պոպովը (Բուղարիա), Ալեգրովը (Մոսկվա), Խաչատրյանը (Ուկրաինա), Գամրեկելի (Թբիլիսի) և ուրիշներ:


Վ. Սարգսյան փ. 7
+37410 580 101