ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1999
Քանդակագործ՝ Արամ Ղարիբյան
Վաղ միջնադարի հայ փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս,
աշխարհագրագետ, տոմարագետ և մանկավարժ Անանիա Շիրակացու (7-րդ դ.) արձանը գտնվում է
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ։ Արձանը բազալտից է, բարձրությունը՝ 4 մետր։ Շիրակացին
ներկայացված է ամբողջ հասակով, կանգնած դիրքով, Երկրի գնդաձև մակետը ձեռքին:
Շիրակացին գտնում էր, որ երկիր մոլորակը գնդաձև
է, իսկ լուսինը սեփական լույսից զուրկ մոլորակ է, արեգակը մեծ է և՛ լուսնից, և՛ երկրից
և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Նա բացատրել է լուսնի փուլերի առաջացումը,
ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները, Արևի ու Լուսնի խավարումները, բնության
երևույթները, տվել է աստղագիտական հայկական տերմինների մեկնաբանությունները, գրել է
թվաբանության դասագիրք, չափ ու կշռի, կենդանակերպերի, աշխարհագրության մասին ուսումնասիրություններ
և այլն:
Շիրակացին մեծ դեր է խաղացել միջնադարյան հայ բնագիտական ու փիլիսոփայական մտքի զարգացման մեջ։