ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1985
Հայ մեծանուն բանաստեղծ, հայ գրականության դասական
Եղիշե Չարենցի (Սողոմոնյան, 1897-1937) հուշարձանը տեղադրված է Օղակաձև զբոսայգում՝
Սայաթ-Նովայի պողոտայի, Խանջյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի հատվածում։
Հուշարձանի ճարտարապետն է ակադեմիկոս, Երևանի
գլխավոր ճարտարապետ (1971-1981) Ջիմ Թորոսյանը, քանդակագործը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանը:
Բրոնզաձույլ հուշարձանը հարթակից վեր խոյացող,
18.5 մ բարձրությամբ բարդ մոնումենտալ, մետաղական հորինվածք է, որի որի դեպի Սայաթ-Նովայի
պողոտա նայող հատվածին Չարենցի դիմաքանդակն է՝ խիստ լարված ու կենտրոնացած դեմքի արտահայտությամբ:
Աջից կարծես թմրածությունից ազատվող տղամարդու կերպարն է: Ձախ կողմում հեղափոխության
թեման է՝ մարմնավորված կանացի կերպարով և մեկնաբանված ռոմանտիկ ավանդույթներով: Ձեռքերը
վեր բարձրացրած մերկ արական կերպարն անձնավորում է ազատագրված ժողովրդի թեման։ Հուշարձանից
բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս
կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի
բանաստեղծության տողերը. ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԴԱՐԵՐԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱԿԱՆ։
Հեղինակներին հաջողվել է քանդակի և ճարտարապետական
հնարքներով ներկայացնել հեղափոխական դարաշրջանի մեծ բանաստեղծի ստեղծագործական ոգին: