ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՐՄԵՆՈՒՀԻ


1968


Քանդակագործ՝ Հռիփսիմե Սիմոնյան

«Արմենուհի» արձանի հեղինակը Հայաստանում կերամիկական արվեստի հիմնադիրներից Հռիփսիմե Սիմոնյանն է:

Ստեղծագործությունը կերտելիս արվեստագետը խուսափել է մակերեսային զարդարանքներից և նյութի ու ձևի նկատմամբ չափից ավելի հավակնոտ մոտեցումից։ Այդ կերպ նա բացահայտել է հայ կնոջ վեհ, հզոր և միաժամանակ սակավախոս կերպարը։
Կերամիկական քանդակը ներկայացնում է կանգնած կնոջ ամբողջական կերպար․ ձեռքերը ծալված են կրծքին, իսկ եռաչափ գլուխը, ուսերն ու կրծքավանդակը միաձուլված են հագուստի հարթ մակերեսին։ Սա շեշտում է արձանի և  ճարտարապետական կառուցվածքի ներդաշնակությունը։ Այդ տպավորությունն ամրապնդվում է նրա անսովոր խիստ ճակատային (ֆրոնտալ) դիրքով։ Հագուստի ձախ եզրի անսպասելի շարժումը կարծես առաջացել է ուժեղ քամու հարվածից։ Դա ամբողջ կերպարին հաղորդում է շարժման զգացողություն և ներքին հուզական լարում։ «Արմենուհու» հագուստը չափազանց պարզ է․ ուրվագծվում է միայն գոտին, իսկ ստորին մասում պատկերված են հուշկապարիկների կերպարները: Դեմքը արտահայտիչ է խորը տեղադրված աչքերի շնորհիվ, որոնք ստեղծում են ներհայեցողության զգացողություն։
Քանդակը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում՝ որպես Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվերը մայրաքաղաքին։


Սիրահարների այգի, Բաղրամյան փողոց