ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1967
«Մայր Հայաստան» հուշարձանը գտնվում է Հաղթանակ
զբոսայգու հուշահամալիրում՝ Ազատության պողոտա 2 հասցեում։
Հուշահամալիրի քանդակազարդ պատվանդանի վրա
(ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) 1950-1962 թթ. տեղադրված է եղել Իոսիֆ Ստալինի
17 մ բրոնզաձույլ արձանը (քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով), որի համար հեղինակները
1951 թ. արժանացել են համամիութենական ստալինյան պետական մրցանակի: 1962 թ. արձանն
ապամոնտաժվել է, և 1967 թ. նույն պատվանդանի վրա կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի
հեղինակած 22 մ բարձրությամբ պղնձաձույլ «Մայր Հայաստան» արձանը։
Պատյանի մեջ դրած սուրը ձեռքերում, վահանը ոտքերի
մոտ, ողջ հասակով պատկերված կնոջ քանդակը խորհրդանշում է մայր հայրենիքի հզորությունն
ու վեհությունը, հայ կնոջ անկոտրում կամքն ու հավաքական կերպարը: Պատվանդանը սրբատաշ
սև տուֆից է, գլխավոր ճակատում ունի շքամուտք և լրացուցիչ մուտքեր կողքերից: Պատվանդանի
ներքին ու արտաքին ծավալատարածական հորինվածքի և մանրամասների մեջ օգտագործվել են հայ
ազգային ճարտարապետության ձևերը (խաչվող քարե կամարներ և այլն): Շքամուտքի կամարը զարդարված
է 19 վարդյակների չկրկնվող զարդաքանդակներով: Ներսից եռահարկ է, որտեղ 1970 թ. բացվել
է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, որը 1995 թ. վերանվանվել
է ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, 2025 թ. Հայաստանի
պատմության թանգարանի մասնաճյուղն է: Այստեղ ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմի,
Արցախյան ազատամարտի, «Նեմեսիս» գործողության և կամավորական շարժումների վերաբերյալ
նյութեր։
Տեղադրված լինելով քաղաքի ամենաբարձր կետերից
մեկում՝ «Մայր Հայաստան» հուշարձանը կարծես հսկում է քաղաքը և տեսանելի է տարբեր մասերից: