ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
2009 թ․
Քանդակագործ՝ Տարիել Հակոբյան
Աշխարհահռչակ հայ աստղագետ, աստղաֆիզիկոս, տիեզերածնական
նոր հայեցակարգի հեղինակ, ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի
աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946-1988), ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Միջազգային
աստղագիտական միության նախագահ (1961-1964), արտասահմանյան
մի շարք երկրների Գիտությունների Ակամադեմիայի օտարերկրյա անդամ, Հայաստանի
ազգային հերոս (1994 թ.) Վիկտոր Համազասպի Համբարձումյանի (1908-1996) հուշարձանն
է։ Տեղադրվել է Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև
գտնվող Ուսանողական պուրակում (նախկինում՝ Ղուկաս Ղուկասյանի
անվան պուրակ, 1924 թ.), Երևանի աստղադիտարանի շենքի (1926 թ., ճարտարապետ՝
Ալեքսանդր Թամանյան) հարևանությամբ։ Կանգնեցվել է բոլշևիկ հեղափոխական, Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության
հիմնադիր Ղուկաս Ղուկասյանի՝ 1990-ական թթ. տեղահանված
արձանի (քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, 1934 թ.) տեղում:
Հեղինակներն են քանդակագործ Տարիել
Հակոբյանը և ճարտարապետ Հայկ Ասատրյանը։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թ.
դեկտեմբերի 15-ին:
Ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան
100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից։
Հուշարձանը բրոնզաձույլ է, ունի 3․20 մ բարձրություն։ Գալակտիկան խորհրդանշող ճառագայթաձև մշակված ցածր հարթակին փորագրված են X
դ. հայ մեծ մտածող, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա, Հայաստանյայց առաքելական
եկեղեցու սրբերից Գրիգոր Նարեկացու «ԱՆՄԱՏՉԵԼԻ
ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ԱՆԸՆԴՄԻՋԵԼԻ ՄԵՐՁԱՎՈՐ» տողերը։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան