ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ
1931 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.101
Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի
Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով
Գտնվում է նույնանուն հրապարակի հյուսիսարևելյան
մասում:
Բացումը կայացել է 1931 թ. սեպտեմբերի 20-ին:
Կառուցվել է 1920-ական թթ. վերջին քանդված ռուսական Սբ Նիկոլայ եկեղեցու տեղում՝ Տաճարական
հրապարակում (այժմ՝ Ստեփան Շահումյանի անվան հրապարակ):
Բոլշևիկ հեղափոխական, քաղաքական գործիչ, հրապարակախոս, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի (1878-1918 թթ.) հուշարձանի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետության ակադեմիկոս Իվան Ժոլտովսկին:
Հուշարձանն առանցքով տեղադրված է քաղաքային
զբոսայգում (բուլվար, Ստեփան Շահումյանի զբոսայգի), որը կապում է Շահումյան հրապարակը
Հանրապետության հրապարակի հետ և տեսանելի է բոլոր կողմերից: Արձանի առջև ծաղկանոց է,
հետնամասում՝ շատրվաններով ջրավազան:
Երկմաս է՝ բաղկացած արձանից և թիկունքում աստիճանավոր հիմքի վրա բարձրացող ձևավոր պատից: Վեհաշուք պատն ունի յոթ հզոր ուղղանկյուն մույթեր՝ առնված պարզ անտաբլեմենտի տակ: Եզրային երկու մույթերը ստեղծում են որմնախորշեր: Արձանը դրված է ընդհանուր հիմքից բարձրացող քառակուսի, աստիճանաձև պատվանդանի վրա՝ պատի կենտրոնական առանցքով: Կերտված է վարդագույն գրանիտի ամբողջական կտորից: Գլխի մշակումը, կրծքին խաչված ուժեղ ձեռքերը, ամուր կանգնած ֆիգուրն արտահայտում են անսասանություն, ինչպես այն մեծ քարաբեկորը, որից կերտվել է արձանը:
Արձանն ունի 3,5 մ բարձրություն: Պատը մուգ
մոխրագույն բազալտից է: Հատակագծային չափերն են՝ 41,20 x 10,70 մ:
Շահումյանի կերպարի առաջին պլաստիկ մարմնավորումն է հայկական
արվեստում և Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին հուշարձանը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան