ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ


2003 թ.


Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Հովանավոր՝ «Պրոմեթևս» ՓԲԸ-ի նախագահ Սենիկ Գևորգյան

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (Այվազյան) հուշարձանը գտնվում է Մոսկովյան փողոցի սկզբնամասում՝ Երևանի կամերային երաժշտության տան մոտ՝ Օղակաձև զբոսայգում:

Հուշարձանի համար մրցույթ է հայտարարվել դեռևս 1987 թ., հաղթող է ճանաչվել քանդակագործ Յուրի Պետրոսյանը: Սակայն Արցախյան ազատամարտի և դրամական միջոցների բացակայության պատճառով աշխատանքն իրականացնել չի հաջողվել:

Հուշարձանը կանգնեցվել է միայն 2003 թ. «Պրոմեթևս» ՓԲԸ-ի նախագահ Սենիկ Գևորգյանի հովանավորությամբ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2003 թ. մայիսի 1-ին: Ս. Գևորգյանը նյութապես օժանդակել է նաև հայ ականավոր երգահան Արամ Խաչատրյանի հուշարձանի ստեղծմանը (1999 թ., Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի մոտ):

Բրոնզաձույլ արձանը պատկերում է ծովի ալիքների մեջ կանգնած նկարչին՝ գլխաբաց, երկար վերարկուն հագին, աջ ձեռքում՝ վրձին, ձախում՝ ներկապնակ: Տեղադրված է երկաստիճան, գրանիտե, սրբատաշ պատվանդանի վրա, որի ստորին աստիճանի դիմային նիստին հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ:

Արձանի բարձրությունը 3.5 մ է, կշռում է մոտ 2 տոննա:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Օղակաձև զբոսայգի