ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1265
1265 թ.-ին Քանաքեռում տեղադրվել է Ամենափրկիչ խաչքարը: Այս խաչքարը այն սակավաթիվ խաչքարերից է, որոնք փրկվել են 1679թ.-ի ավերիչ երկրաշարժից:
Քանաքեռը Երևանի ամենահին թաղամասերից է, որը մինչ Երևանի մաս դառնալը խոշոր գյուղ է եղել: Քանաքեռի բազմադարյա պատմության մասին մեծ տեղեկություններ են տալիս նաև այնտեղ եղած հուշարձանները, որոնցից ամենահինը` Փեթևանի, կամ Պետևանի Խաչքար-մահարձանն է (1265թ.):
Պետևանի խաչքար-մահարձանը որմնափակ մեծ խաչքար է, որը պատրաստված է սրբատաշ կարմիր քարից: ժամանակին այն կառուցվել է գյուղի ծայրին` Հյուսիսային կողմում, իսկ այժմ գտնվում է արդեն Քանաքեռի կենտրոնում` Երևանից Սևան տանող Զաքարիա Քանաքեռցու փողոցի ձախ կողմում: Խաչքարին քանաքեռցիները նաև Ամենափրկիչ են անվանում, սակայն թե ո՞վ, որ թվականին է այն կառուցել, և, թե ի՞նչպես է այն Ամենափրկիչ անվանվել` ոչ մեկ ստույգ չգիտի:
Ըստ մի ավանդապատումի` շատ դարեր առաջ մի օտար բռնակալ բազում հայերի է գերել ու տեղահանել: Բռնակալը, որի անունը հայտնի չէ հիվանդացել է անբուժելի վերքերով: Գերյալների մեջ եղել է նաև մի հայ բժիշկ` հեքիմ Արամ անունով: Վերջինս խոստացել է բուժել հիվանդին, պայմանով, որ նա հայ գերիներին բաց թողնի և թույլ տա վերադառնալ հայրենիք: Հիվանդի համաձայնությունն ստանալով՝ բժիշկը բուժում է նրան: Բռնակալը տեր է կանգնում իր խոստմանը և գերյալները վերադառնում են հայրենիք: Նրանց հետ վերադառնում է նաև բժիշկը, սակայն մինչև տեղ հասնելը մահանում է: Ի պատիվ իր բարի գործի բժիշկին թաղում են մահարձանի առաջ:
Մահարձանը նախկինում եղել է գերեզմանոցի կենտրոնում: Սակայն պարզվում է, որ 19-րդ դարի ընթացքում, Երևանից Սևան տանող խճուղին կառուցելիս, գերեզմանոցը վերացրել են, և ճանապարհի կողքին մնացել է այդ Մահարձան կոչվող խաչքարը:
Մահարձանի վրա կան երկու ընդարձակ և շատ կարևոր արձանագրություններ, որոնցից արևմտյան ճակատի խաչքարի վրա եղածն անվնաս է և ընթեռնելի, իսկ մյուսը, որ գտնվում է շրջանակի հարավային ճակատին, տեղ-տեղ ջնջումներ ունի և դժվար ընթեռնելի է:
Արևմտյան ճակատի խաչքարերի մեջ եղած արձանագրությունը հետևյալն է՝ «Ահաւոր անուամբն Աստծոյ ես Պետեւան և կենակից իմ Աւագ տիկին կանգնեցանք զխաչս բարեխաւս մեզ եւ յիշատակ հոգւոց մերոց տղա Ասլանին եւ այլ տղոցն Եւ սահմանեցաք զտեղիս հակստարան մեզ եւ խաչս գերեզմանաց մերոց պահապան. Գրողս զմխիթարիչս յիշեք ի թուիս, հայոց ՉԺԴ, 1265 թ.»:
Ըստ վերծանված գրությունների` Պետևանի Ամենափրկիչ խաչքար-մահարձանից արևելք ընկած ընդարձակ այգին պատկանելիս է եղել Պարազ անունով մի մարդու: Վերջինս այդ այգին վաճառում է Պետևանին: Առքուվաճառքի մասին կազմում են արձանագրություն, որը գրված է մահարձանի հարավային կողմի պատի ճակատային մասում:
Մահարձանի հարավային պատի ճակատային մասի արձանագրությունը արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանց Նախիջևանցին վերծանել է՝ «Յանուն Աստծոյ ես Պարազ… և իմ մայր իմ և քւերք իմ մաթութս և Նազխաթունս ծախեցաք մեր սրտահոժարութեամբ զմեր հայրենիք այգիս Պետևանին: ԳՈԲՃ սպիտ անկապաս առք. Աստուած շնորհավոր անէ ՑԾԸ-ից նզոված, տուգանք տայ ծ դեկ. Թվիս ՉԺԷ (1266): Վկա Աստուած, Մխիթար, Վարդ. Բարսեղ էրեց, Սմբատ, Վահրամ, ………… և Մխիթարիչ էրեց, որ զգիրս գրեցի»: