ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԸ
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
2004թ. իրականացված մրցույթի արդյունքում, որն ամփոփվեց 2004թ. սեպտեմբերի 27-ին` Երևանի խորհրդի նիստում, խորհրդի N 12/1 որոշմամբ հաստատվեց Երևանի դրոշը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու 12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշման համաձայն` դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները:
Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներն օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թ. ապրիլի 12-ի «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Երևան քաղաքի ավագանու 18.06.2010թ. թիվ 118-Ն որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքի խորհրդանիշների պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը։