ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ
2016 թ.
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան
Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական, ռազմական, պետական հանճարեղ գործիչ, ազգային գաղափարախոս, փիլիսոփա, թուրքական զինված ուժերի դեմ մղված մի շարք մարտերի հրամանատար, Լեռնահայաստանի գոյամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955) արձանը գտնվում է Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց՝ Հանրապետության փողոցի եզրին:
Բրոնզաձույլ արձանը տեղադրված է պատվանդանին, որի հետ ձուլվելով կազմում է մի ամբողջություն:
Նժդեհը պատկերված է զինվորական
երկար համազգեստով: Ռազմական և պետական գործիչը ամուր, խրոխտ ու վստահ կանգնած է հայրենի
հողի վրա՝ հայացքն ուղղած հեռուները՝ դեպի ապագան: Դեմքի արտահայտությունը բնորոշ է
զուսպ կյանքով ապրած, երկարամյա հոգևոր գործունեություն ծավալած, ուժեղ, վճռական առաջնորդին
ու մտավորականին: Ձախ ձեռքով պինդ սեղմել է զինվորական թիկնոցը, իսկ աջով մատնացույց
է անում առջևի բազալտե թեք հարթակին փորագրված, թևավոր դարձած իր խոսքերը.
ԱՍՏՎԱԾ/ ԱԶԳ/
ՀԱՅՐԵՆԻՔ/ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ/ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ/ ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ ԵՒ ՄԵՌՆԵԼ/
ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ/ ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ/: ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ/ ՀԱՎԱՍԱՐ
ՉԵՆ/ ՕՐԵՆՔԻ ԵՒ ՄԱՀՎԱՆ ԱՌՋԵՎ/ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ/ ՉԻ ՈՒՆԵՆԱ/: ԳԱՐԵԳԻՆ/ ՆԺԴԵՀ:
Արձանի ներքում,
թիկնոցին հպված բրոնզե թերթիկների բացված էջում կարդացվում է.
ԻՄ ՀՈԳԻՆ ԶՈՒՅԳ
ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ՝ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ:
Արձանի բարձրությունը 5.7 մ է, ընդհանուր բարձրությունը՝
6.7 մ:
Արձանը մեծ հայորդու
հանդեպ հարգանքի տուրքի դրսևորում է: Այն ունի հիշատակը վառ պահող, գործունեությունը
սերունդներին փոխանցող, ազգային գաղափարներով դաստիարակող, ուսուցանող և բարոյապես
սպառազինող նշանակություն:
Արձանի ետնամասում
խաչքարերի պուրակն է, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանի և Հին Ջուղայի 17 խաչքարերի
կրկնօրինակները (2014 թ.):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան