ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ


2002


Քանդակագործ՝ Արա Սարգսյան
Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան

Հայ գրչության, դպրության և թարգմանական արվեստի հիմնադիրներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի խմբաքանդակը գտնվում է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջև։ Ունի 6 մ բարձրություն: Սահակ Պարթևը Հայ Առաքելական Եկեղեցու 10-րդ կաթողիկոսն էր, ում օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որի միջոցով սկիզբ դրվեց հայ գրավոր լեզվի, դպրության և թարգմանական գրականության զարգացմանը։
Հուշարձանի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականին:
«Իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը» Արա Սարգսյանը ստեղծել է 1943 թվականին գիպսից, վերջնականապես խմբագրվել և տեղափոխվել է փայտի վրա 1946-1947 թվականներին, 1948 թվականին ձուլվել է բրոնզից, 1962 թվականին՝ գիպսից (բնականի մեկուկես մեծությամբ), 2002 թվականին ստեղծվել է վերջնական բրոնզե տարբերակը բազալտե պատվանդանով, (ըստ նախնական որոշման՝ պետք է տեղադրվեր Մատենադարանի առջև):
Հուշարձանում մեծ վարպետությամբ օգտագործված են հայ միջնադարյան կտիտորական պատկերաքանդակի ավանդույթները։ Սիլուետիկ-կոմպոզիցիոն առումով միանման երկու ֆիգուրները քանդակագործն անհատականացրել ու ավելի բովանդակալից է դարձրել։ Պարթևը կրոնական է, հանգիստ, նույնիսկ մի փոքր ինքնամփոփ, իսկ Մաշտոցը՝ բռնկուն, սակայն և զուսպ անմիջական ոգևորությամբ։  Ստեղծագործությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև խոր գաղափարական, իմաստաբանական արժեք։ Հեղինակն իրարից չզատելով այս երկու կարևոր խորհրդանիշները՝ ցույց է տվել ազգի գոյության, ազգապահպանության, արարման և զարգացման իր տեսլականը՝ կրոնի և լեզվի, այլ խոսքով՝ գիտության և եկեղեցու ամուր կապի միջոցով:


Ալեք Մանուկյան փողոց