ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՐԱԶԴԱՆԻ ՄԵԾ ԿԱՄՈՒՐՋ - ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
1956
Պետ․ ցուցիչ՝ 1․3․4
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
Կառուցված է Հրազդան գետի վրա՝ նախկինում գոյություն ունեցած հին կամրջի տեղում։ Քաղաքաշինական կարևոր հանգույց է, որը, լինելով Կիևյան փողոցի շարունակությունը, քաղաքի կենտրոնը կապում է Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին։ Կառուցվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ (1950-1959), ԽՍՀՄ Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով: Կոնստրուկտորներն են Ս. Հովնանյանը, Վ. Փինաջյանը, Ս. Դուրգարյանը, Ն. Սլավինսկին:
Երևանի ինժեներական խոշորագույն կառույցներից է, երկաթբետոնե կոնստրուկցիաներով իրականացված միաթռիչք հորինվածք, որի երկարությունը 364 մ է, լայնությունը՝ 26 մ, թռիչքի բարձրությունը՝ 58․3 մ։ Անվտանգության նպատակով տեղադրված զանգվածեղ բազրիքները ձուլված են թուջից։ Նախատեսված է երկկողմ երթևեկության համար:
1981 թ. երթևեկելի մասը վերակառուցվել է, 2005 թ. կատարվել են նորոգման աշխատանքներ։
Կամրջից հոյակապ տեսարան է բացվում դեպի Հրազդանի կիրճը:
Լենինգրադյան և Կիևյան փողոցների միացում